Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևոր և պատմական է համարում Վաշինգտոնում կայացած հանդիպումները և դրանց արդյունքներով ստորագրված փաստաթղթերը՝ ընդգծելով, որ դրանք նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։ 

«Կարծում եմ, այսօր շատ կարևոր, պատմական օր է, որովհետև այս պրոցեսը երկար նախաձեռնվել էր, տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետությունը ցանկացել է այս խաղաղությունը, բայց վերջին տարիների մեծ ջանքերի շնորհիվ դա հնարավոր է դառնում, նաև, իհարկե, գործընկեր պետությունների միջամտությամբ և մասնակցությամբ։ Խաղաղությունը իրականություն է, և մենք դա պետք է արձանագրենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության բացակայությունն այսօր ամենամեծ խոչընդոտն է Հայաստանի զարգացման համար։

«Կարծում եմ ամենակարևոր բանը, որ խոչընդոտում է այսօր Հայաստանի Հանրապետության զարգացմանը, խաղաղության բացակայություն է։ Եվ ես վստահ եմ, որ բոլոր այն փաստաթղթերը որոնք ստորագրվել են քիչ առաջ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, նպաստելու են բացառապես Հայաստանի և տարածաշրջանի զարգացմանը, բայց առաջին հերթին Հայաստանի զարգացմանը, որովհետև այն շրջափակումը, որ ունեցել ենք մենք տասնամյակներ շարունակ, թույլ չի տվել մեզ  հավուր պատշաճի զարգացնել տնտեսության բոլոր ոլորտները, մեր կենսական կարևոր ոլորտները, կրթությունից սկսած, առողջապահությունից, արդյունաբերությունից, բոլոր, բոլոր ոլորտները։ Ես վստահ եմ, որ ընդամենը շաբաթներ հետո մենք լուրջ արձագանքներ ենք ունենալու այս ուղղությամբ»,- եզրափակեց Հարությունյանը։

 

221