Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

ՀՀ-ում հայտնի շրջանակները, չունենալով որևէ կոնկրետ օրակարգ և անկարող լինելով մրցակցել կառավարող ուժի առաջ քաշած խաղաղության օրակարգի հետ, այսօր մրցակցում են մեկ այլ դաշտում՝ Հայաստանի ներքին կյանքը մշտապես անկայուն պահելու և հասարակությանը մոտալուտ պատերազմի վտանգով ահաբեկելու հարցում։

Եթե աշխարհի հատուկ ծառայությունները հսկայական ռեսուրսներ են ծախսում այլ երկրներում պրոքսի ուժեր ձևավորելու համար, ապա այս խմբերը, ըստ էության, հենց իրենք են իրենց ծառայությունները առաջարկում՝ բացահայտ ու գիտակցաբար։

Ավելին՝ եղել են դեպքեր, երբ բացահայտ հորդորել են հարձակվել ՀՀ-ի վրա՝ պատճառաբանելով, թե «պահը նպաստավոր է»։

Այո՛, մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան լուրջ անվտանգային ռիսկեր։ Բայց ինչպես հասկանալ այն ուժերին, որոնք արդեն մի քանի օր է՝ պատերազմի մասին քարոզչությամբ ահաբեկում են Հայաստանի քաղաքացիներին։

Բանն այն է, որ նրանց գերագույն նպատակը մնում է նույնը՝ իշխանության զավթումը, որովհետև, իրենց համոզմամբ, միայն այս եղանակով կարող են կրկին ճանապարհ բացել դեպի իշխանություն։

Հաջորդ խնդիրը, որ իրենք դրել են իրենց առջև, անկայունության հրահրումն է, սոցիալ-տնտեսական զարգացման կասեցումը, ներդրումների խոչընդոտումը, քաղաքացիների հուսալքումը և նրանց արտագաղթի մղումը։

Այս խմբերին խաղաղությունն ու տնտեսական ձեռքբերումները հանգիստ չեն տալիս։

Պատահական չէ, որ նման հայտարարություններ հնչեցին հենց ԱԺ ամբիոնից՝ 2024 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Սակայն, ի հեճուկս այս ամենի, մենք շարունակում ենք կառուցել մեր երկիրը, ամրապնդել տնտեսությունը և ապահովել առաջընթաց՝

ոչ թե բաժակաճառերով, այլ հետևողական աշխատանքով։

Որովհետև մենք լավ գիտենք՝

պատերազմները կանխվում, իսկ հաղթանակները կերտվում են նաև տնտեսական զարգացմամբ։

Բարի լույս և բարի առավոտ բոլորիս։

Խաղաղությունն է մեր ճանապարհը։

176