Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:

 

ԲԴԽ նախագահը բարձր է գնահատել ԵՄ–ի կողմից դատական համակարգին ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ շեշտելով դեսպանի անմիջական դերակատարումն ու սրտացավ վերաբերմունքը։

 

Նա կարևորել է Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» բյուջետային աջակցության ծրագրի արդյունավետությունը։ Այս համատեքստում զրույց է ընթացել ծրագրի շարունակականության, ինչպես նաև տեխնիկական աջակցությանը միտված աշխատանքների իրականացման անհրաժեշտության մասին։

ԵՄ դեսպանը ներկայացրել է 2024 թվականին իրենց կողմից մշակված դատական համակարգին առնչվող զեկույցի որոշ մանրամասներ՝ այդ թվում դատական համակարգի մշտադիտարկմանը, դատավորների նշանակման կարգին, դատավորների մասնագիտական առաջխաղացման ընթացակարգերին առնչվող հատվածներ։ Նա տեղեկացրել է, որ զեկույցը մասնագիտական հանրությանը կներկայացվի աշնանը։

 

Հանդիպմանը քննարկվել են դատական համակարգի մատչելիությանը և ընթացիկ բարեփոխումներին առչվող մի շարք հարցեր։

 

Զրուցակիցները շոշափել են նաև դատարանների բեռնվածությանը, դատավորների բարեվարքությանը, նրանց պարտադիր ու ընթացիկ վերապատրաստումների արդյունավետությանը վերաբերող թեմաներ։ ԲԴԽ նախագահը հիշատակել է Եվրոպական միության աջակցության արդյունքում դատական ծառայողներին վերապատրաստման, կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ իրականացված ծրագրերը: ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդարադատության ոլորտին առնչվող օրենսդրական որոշ նախագծերի դրույթներ՝ մատնանշելով ԲԴԽ-ին անմիջականորեն և հարակից առնչակցություն ունեցող առաջարկությունները։ Այս համատեքստում ԲԴԽ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է ԵՄ երկրների հետ բաց երկխոսության կարևորությունը, հավաստիացրել, որ դատական իշխանության կատարելագործումն իրավական պետության առաջնահերթություններից է։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են աշխատանքային խմբերի ձևաչափով իրականացվելիք փոխգործակցության շուրջ՝ ներառելով դատական համակարգի կողմից անձնական տվյալների պաշտպանության, կատարողականների գնահատման և մի շարք օրակարգային հարցեր։

93