Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արմավիրի մարզի եզդիական բնակչություն ունեցող Ֆերիկ համայնք։

Այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ։ Մասնակցել են նաև Ազգային ժողովի, Արմավիրի մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի ներկայացուցիչներ։

Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել ուսուցչական կազմի և աշակերտների հետ՝ կարևորելով բարձրաձայնված խնդիրների լուծումը։

Պաշտպանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևորագույն ուղղություններից է՝ ընդգծելով ոչ միայն այդ իրավունքների ապահովման, այլև խթանման անհրաժեշտությունը։

«Առաջնահերթ եմ համարում բոլորիս ջանքերի համադրումը՝ մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք պաշտպանության և խթանման նպատակով։ Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ամբողջական համակարգ առանց հանրային համերաշխության, իսկ համերաշխության հասնելու ճանապարհին հիմնարար է իրավահավասարության ապահովումը», – նշել է Պաշտպանը։

Քննարկման առանցքում են եղել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հուզող մի շարք հարցեր՝ ներառյալ կրթության իրավունքի իրացման, տրանսպորտի հասանելիության, ազգային և էթնիկ ինքնության պահպանման, լեզվի, կրոնի, ավանդույթների և մշակույթի պահպանման խնդիրները և այլն։

Պաշտպանը հատուկ շեշտել է, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու և խթանելու ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանման և զարգացման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, կարևորվել է համայնքների ակտիվ մասնակցությունը այդ գործընթացներում։

Երեխաների իրավունքներին անդրադառնալով՝ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ երեխայի լավագույն շահի ապահովումը և նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի առաջնահերթություններից են։ Այդ համատեքստում ընդգծվել է պետության դերակատարությունը՝ որպես առաջնային պատասխանատու՝ երեխաների իրավունքների պաշտպանության գործում։

Այցի ընթացքում բարձրաձայնված բոլոր խնդիրներն ամփոփվելու են և, Պաշտպանի լիազորության շրջանակներում, ներկայացվելու են պետական մարմիններին՝ համապատասխան լուծումներ գտնելու նպատակով։

108