Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առթիվ հարցազրույց՝ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» փոխնախագահ՝ Գոռ Պողոսյանի հետ։

Հարց․ Հունիսի 29-ը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է՝ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը անմնացորդ նվիրել են հայրենիքի պաշտպանությանը։ Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կբնորոշեք օրվա խորհուրդը Ձեզ համար՝ բռնի տեղահանությունից հետո, և ինչ քայլեր է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը, որի փոխնախագահն եք, անհետ կորած անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Պատասխան․ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայրենիքի փրկության համար հազարավոր ազատամարտիկներ նահատակվեցին, շատերը անհետ կորան, Ադրբեջանի կողմից ենթարկվեցին բռնի անհետացման կամ գերեվարվեցին, իսկ 2023 թվականին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ցեղասպանական իրական վտանգի պայմաններում հայաթափվեց ողջ Արցախը, և այդ օրերին մղված գոյաբանական պայքարի պատերազմում հազարավոր հայորդիների ճակատագիրը մեզ անհայտ մնաց: Հենց այս համատեքստում օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեզ համար։ Թեև հայրենիքի համար հերոսացած ազատամարտիկների ճակատագրերն այսօր մեզ համար անհայտ են, բայց նրանց գործը պատմության էջերում է, իսկ կատարած սխրանքը՝ մեր ժողովրդի գիտակցության մեջ։ Հայրենիքի պաշտպանությունը մեր համար եղել և մնում է կյանքի կենսակերպ, իսկ հերոսացած ազատամարտիկների սխրանքների հիշատակումը՝ սերունդներին հայրենասիրության ոգով դաստիարակելու ճանապարհ։ Կարևոր է նաև գիտակցությունն առ այն, որ հայրենիքի պաշտպանության համար կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հանդեպ հարգալից վերաբերմունքը այսօրվա և վաղվա յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է, իսկ նրանց իրավունքների համար հետևողական պայքարը՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության հանձնառությունը։ Այս իրողությունների համապատկերում, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գործունեության առանցքը ոչ միայն բռնի տեղահանված անձանց բազմակողմ իրավունքների պաշտպանությունն է, այլև՝ միջազգային մարդասիրական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության շրջանակում իրականացվող փաստահավաք, վերլուծական և իրավական գործունեությունը։ Միությունն իրականացնում է նաև հետևողական և համակարգված գործունեություն՝ նպատակ ունենալով միջազգային իրավունքի շրջանակում արձանագրել ինչպես Ադրբեջանի կողմից բռնի անհետացումների վերաբերյալ միջազգային իրավունքի խախտումները, այնպես էլ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ապօրինի կալանավորման փաստերը, որոնք հակասում են Ժնևյան սկզբունքներին։

Հարց  Դուք ինքներդ Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքից եք, որտեղ 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ Արցախյան դիմադրության հերոսական էջերից մեկը։ Ինչպիսի՞ նշանակություն ունի այդ դիմադրությունը ձեզ համար՝ ներկա իրողությունների համատեքստում։

Պատասխան․- Պետք է նշեմ, որ Մարտունին, սկսած 1990-ականներից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջին գոյամարտը, միշտ էլ առանձնացել է իր հերոսական դիմադրությամբ։ Այդ պայքարի շնորհիվ թշնամուն այդպես էլ չհաջողվեց կոտրել քաղաքի դիմադրողականությունը։ Դա քաջորդիների համառ ու վճռական պայքարի արդյունք էր՝ մի պայքար, որի հիշողությունները դեռ թարմ են։ Այս սխրանքները մեզ պարտավորեցնում են շարունակել արդար պայքարը՝ նախ և առաջ վերադարձի իրավունքի պաշտպանության ուղղությամբ, որը ոչ միայն բռնի տեղահանված մեր ժողովրդինն է, այլև նրանց սերունդներինը, որոնք օրինական և արդար պահանջ ունեն՝ վերադառնալու իրենց բնօրրան, ապրելու այնտեղ՝ անվտանգ, արժանապատիվ պայմաններով։ Հենց այս իրավունքի ապահովումն է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Միությունը հետևողականորեն առաջ է մղում վերադարձի իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման օրակարգը։ Այս պայքարը նաև բարոյական պարտք է հերոսացած մեր զինվորների հիշատակի առաջ։

Հարց. Այսօր էլ կան անձինք, որոնք 2020 թվականի պատերազմից կամ դրան հաջորդած գործողություններից հետո շարունակում են անօրինական կերպով պահվել ադրբեջանական բանտերում։ Ինչպիսի՞ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը՝ նրանց իրավունքների պաշտպանության և միջազգային կառույցների ուշադրությունը խնդրին հրավիրելու ուղղությամբ։

Պատասխան․-Այո, ցավոք, այսօր կան անձինք, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում կամ դրան հաջորդած գործողությունների արդյունքում շարունակում են անօրինական կերպով պահվել ադրբեջանական բանտերում։ Խոսքը վերաբերում է ինչպես զինծառայողներին, այնպես էլ քաղաքացիական անձանց, որոնց գերեվարումն և անազատ վիճակում պահվելը միանշանակորեն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի՝ հատկապես Ժնևի կոնվենցիաներով ամրագրված պահանջները։ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունն այս ուղղությամբ հետևողական և բազմակողմանի աշխատանք է իրականացնում։ Մենք պատրաստում և տարածում ենք փաստահավաք զեկույցներ, մշակում իրավական վերլուծություններ, որոնք ուղարկվում են համապատասխան միջազգային կառույցներին։ Միաժամանակ մենք պարբերաբար բարձրաձայնում ենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր մանդատի համաձայն պետք է ունենա անարգել մուտք ադրբեջանական բանտեր՝ ապահովելու տեսակցությունը հայ ռազմագերիների հետ, և նրա գործունեությունը չպետք է որևէ ձևով սահմանափակվի։ Բացի այդ, խիստ կարևոր է նաև անհետ կորած անձանց որոնման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը, որը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ունենա գործել իր լիարժեք մանդատի շրջանակում։ Սակայն պետք է ընդգծել, որ Ադրբեջանի կողմից մարդասիրական կազմակերպությունների գործունեության հետևողական սահմանափակումը խոչընդոտում է այս գործընթացները, և լրջորեն խախտում միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։ Հարց 4․ Հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղում մարդիկ այցելում էին գերեզմաններ, հուշարձաններ՝ իրենց խոնարհումը բերելու հերոսների հիշատակին։ Այսօր, սակայն, բռնի տեղահանության պատճառով արցախահայությունը զրկված է այդ իրավունքից։

Հարց. Որպես իրավապաշտպան կազմակերպություն՝ ինչպե՞ս եք գնահատում նման իրավիճակը մշակութային իրավունքների տեսանկյունից։

Պատասխան․-Այո՛, Լեռնային Ղարաբաղում տարիներ շարունակ խորը հարգանքով է պահվել մեր հերոսների հիշատակը։ Հունիսի 29-ը, թե անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օր էր և թե նաև ազգային արժանապատվության օր, երբ մարդիկ իրենց հարզատի, նահատակված զինվորի գերեզմանոցներ ու հուշակոթողներ էին այցելում և կենդանի պահում օրվա խորհուրդն ու հիշատակը։ Այսօր, երբ արցախահայությունը բռնի կերպով զրկվել իր զինվորի գերեզմանին այցելելու և հուշարձանների տարածքներ մուտք ունենալու հնարավորությունից, մենք գործ ունենք մշակութային իրավունքների համակարգային ոտնահարման հետ։ Մշակութային իրավունքները հստակորեն ամրագրված են թե՛ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և թե՛ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով։ Այս իմաստով, բռնի տեղահանման հետևանքով նաև հոգևոր, պատմական և մշակութային ինքնության խաթարում է տեղի ունենում։ Սա երկակի ցավ է. մի կողմից՝ հայրենի հողից զրկված լինելը, մյուս կողմից՝ հարազատի շիրիմից։ Սա լուրջ մարդասիրական և իրավական մարտահրավեր է, որի լուծմանը նպատակաուղղված է նաև Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության գործունեությունը։ Մենք փաստագրում ենք Ադրբեջանի տարածքում գտնվող պատմական գերեզմանոցների ու հուշարձանների ոչնչացման, դրանց պղծման դեպքերը, որոնք իրականացվում են պետական մակարդակով և հայատյացության քաղաքականության շրջանակում։

324