Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Հունաստանի Հանրապետության դատախազության պատվիրակության ղեկավար Պանագիոտա Ֆակուին։

Հունաստանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ՝ Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի և Հունաստանի միջև գործում է դեռևս 2000 թ. նոյեմբերի 21-ին Աթենքում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության մասին» համաձայնագիրը, բացի այդ, 2018 թ. հուլիսի 3-ին երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, Հայաստանը Հունաստանի հետ արդյունավետ աշխատում է նաև  Եվրաջասթի շրջանակներում:

Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել վերջին 4 տարիների ընթացքում Հունաստանի իրավասու մարմիններին հասցեագրված քրեական վարույթներով իրավական օգնություն ցույց տալու հարցումների շուրջ 90%-ը կատարելու համար և առաջարկել գործընկերներին շարունակել աշխատանքները Հայաստանից ապօրինի եղանակով դուրս բերված դրամական միջոցներով Հունաստանում ձեռք բերված գույքերի արգելադրման և հետագա տնօրինման ուղղությամբ:

Հունաստանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար ու ընդգծել Հայաստանի հետ համագործակցության և հարաբերությունների խորացման կարևորությունը:

Համաժողովը կազմակերպվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» և «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրերի շրջանակում:

112