Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2010-15 թվականների ընթացքում Սեյրան Օհանյանը ինքնակամ շինություն է կառուցել բնության հատուկ պահպանվող տարածքում, ըստ էության ապօրինի շինություն է, շինթույլտվություն չունի: 2011-16 թվականներին ընթացքում Ռազմական ոստիկանության ծառայակիցները պահակություն են իրականացրել այս առանձնատան տարածքում, մոտավորապես 13 միլիոն դրամի չափով պետությունից աշխատավարձ են ստացել ոչ իրենց գործառույթներից բխող աշխատանք իրականացնելու համար:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ առանձնատան և շոգեբաղնիքի շուկայական արժեքը գնահատվել է մոտավորապես 130 միլիոն:

«Մենք ունենք տվյալներ, որ Սեյրան Օհանյանը նույնիսկ իր 50 ամյակն է նշել այնտեղ հուլիսի 1-ին և խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և բարձրաստիճան հոգևորականների կողմից Սեյրան Օհանյանին ուղղված շնորհավորական նամակները:

Բացի այդ, որպես բաժանորդ ինչպես գազի մատակարարման, այնպես էլ էլեկտրաէներգիայի, նշված է Օհանյանի կնոջ մայրը:

Նաև ունենք ցուցմունքներ, որ պարբերաբար Սեյրան Օհանյանի ընտանիքը հանգստացել է այդ ամառանոցում:

Ինքը՝ Օհանյանը, իր հայտարարագրում չի նշելը տարիներ շարունակ որ դա պատկանում է իրեն: Հետագայում երբ արդեն որոշակի հրապարակումներ հայտնվեցին մամուլում, մենք նաև դա ներկայացրել ենք Ազգային ժողովին, գրություն էր գրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով, որ թեև ես չեմ օգտագործում այդ գույք, քանի որ սենց աղմուկ ա բարձրացել հանրային, ինձ թույլ տվեք ես իմ հայտարարագրերը ուղղեմ և նշեմ, որ այդ գույքն օգտագործում եմ: Մի քիչ այսպես տարօրինակ մեկնաբանություններ են, պնդում է, որ իրենքը չէ»,- ասաց դատախազը:

Բա ո՞ւմ գույքն է՝ հարցին, դատախազը պատասխանեց՝ հենց այդ հարցն է շատ հետաքրքիր:

«Արծվիկ Մինասյանի մեղադրանքի մեջ, երբ մենք նշում էինք, որ այդ գույքը Մինասյանը, ըստ էության ի վերջո գործողությունների արդյունքում մրցույթի է դրել այդ հողամասը և որպես ներդրումային ծրագիր տրամադրել է մի անձի, ով փոխկապակցված է Սեյրան Օհանյանի հետ, եթե չեմ սխալվում, վարորդի մորաքրոջ որդին է, ով շինարարական աշխատանքներ իրականացնելով է իր ապրուստի միջոցները վաստակում, պարզ լեզվով ասած սանտեխնիկ է Բենիամին Ղալաչյանը և նա, ստացվում է որ 250 միլիոն դրամի ներդրումային ծրագիր է առաջարկել բնապահպանության նախարարությանը, որպեսզի այդ տարածքը տան իրեն, և բնապահպանության նախարարությունը իր հերթին աչքը փակել այն հանգամանքի վրա, որ այնտեղ կա ինքնակամ կառույց, դղյակ, առանձնատուն:

Հետագայում, Ղալաչյանը իր ցուցմունքում նշում է ոմն Հաբեթի մասին, ով բնակվում է ԱՄՆ-ում և ով Քովիդի համաճարակի ժամանակ մահացել է ու իրենք չեն կարողացել ներդրումային ծրագիրն իրականացնեն»- մանրամասնեց Աննա Վարդապետյանը:

Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը:

Սեյրան Օհանյանի գործը վերաբերում է «Սևան» ազգային պարկի տարածքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելուն:

Դատախազի կողմից որոշում է կայացվել Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

820