
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա Սարոյի համերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:
Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր:
Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կլինի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի ուղեկցությամբ:
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:
«Ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ այս տարի նախատեսում ենք բավականին մեծամասշտաբ իրականացնել»,- ասաց Մովսիսյանը:
Միջոցառումները կանցկացվեն շաբաթ օրը, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց: Դրանք կհեռարձակվեն նաև Հանրային հեռուստաընկերությամբ: