Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Այս մասին տեղեկացնում է ՔԿ-ն:

«Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը բաժանել է 2 մասի:

Այնուհետև, կառավարչի ցուցումով 247.2 քմ մակերեսով տարածքը 2 մլն ՀՀ դրամով վաճառվել է Տավուշի մարզի բնակչին, իսկ մյուս՝ 102.2 քմ մակերեսով տարածքը, 1 մլն 500 հզր ՀՀ դրամով ձևական առուվաճառքի պայմանագրով օտարվել է իր կնոջը: Վերջինիս կինը 5 մլն 500 հզր ՀՀ դրամով վերոնշյալ տարածքն օտարել է մեկ այլ անձի, ով, իր հերթին, տվյալ գույքը նույն արժեքով օտարել է համատիրության կառավարչի դստերը:

Վերը նկարագրված գործողությունների հետևանքով թաքցվել է ընդհանուր 349.4 քմ մակերեսով և 15 մլն 581 հզր 693 հզր ՀՀ դրամ կադաստրային արժեքով անշարժ գույքի իրական պատկանելությունը, խեղաթյուրվել է դրա հանցավոր ծագումը, ինչի արդյունքում համատիրությունը զրկվել է համայնքի կողմից տրամադրված գույքը տնօրինելու լիազորությունից:

Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

117