Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչի՞ մասին է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճիռը

Երկու կողմերի՝ Սամվել Կարապետյանի ընտանիք+ պաշպանության խորհրդի և կառավարության տարածած հաղորդագրությունների ու այս պահին համացանցում առկա տեղեկատվության հիման վրա մեծ դժվարությամբ հասկանում ես, թե ինչ է կատարվել Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում։

Եվ այսպես․ Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով Կարապետյանների ընտանիքը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC) նախաձեռնել է արբիտրաժային գործի քննություն, որին մասնակցել են կողմերի ներկայացուցիչները։

Մի հայցով Սամվել Կարապետյանի ընտանիքն ու պաշպանության խորհուրդը պահանջել են կալանքից ազատ արձակել Սամվել Կարապետյանին։ Կարապետյանների այդ հայցը արբիտրաժային դատարանի կողմից մերժվել է։

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նաև արբիտրաժային հրատապ գործ են հարուցել, որի արդյունքում կայացվել է միջանկյալ միջոց, որը դեռևս արբիտրաժի որոշումը չէ․ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ Արբիտաժը գտել է, որ անհրաժեշտ է կիրառել ապահովման անհետաձգելի միջոցներ, քանզի Հայաստանի Հանրապետության գործողությունները «Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին համապատասխանելու լուրջ կասկածներ են առաջացնում»։ Արբիտրաժը նաև նշել է, որ «ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը, կամ, ինչն ավելի վատ է՝ դադարեն լինել դրա սեփականատերը»։ /այս հատվածներն ընտրվել է հենց Կարապետյանների տարածած հաղորդագրությունից https://www.facebook.com/profile.php?id=61577245600727/ ։

Այդպիսով, ըստ Կարապետյանների տարածած հաղորդագրության՝ արբիտրաժն ընդամենը փորձել է ապահովագրել, որպեսզի Կարապետյանները կարողանան հատուցում ստանալ ու դրա համար միջանկյալ միջոցի կիրառությունն անհրաժեշտ է, ինչը, ըստ Ինստիտուտի, կդժվարանա նրանց համար, եթե կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը կամ դադարեն լինել դրա սեփականատերը։ Այսինքն, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կայացրած միջանկյալ միջոցն ամենևին ՀԷՑ-ի պետականացման անթույլատրելիության մասին չէ, որքան էլ պատճառաբանական մասում կոչ է արվել ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։ Ինստիտուտը, կարծես թե, ըստ էության կոչ արել ձեռնպահ մնալ բռնագրավման, այլ ոչ թե պետականացման քայլերից։ Քանի որ ամբողջական որոշումը դեռևս հրապարակված չէ ոչ միայն կողմերի կողմից այլ նաև Ինստիտուտի կայքում, հենց Կարապետյանների տարածած հաղորդագրության երկու հատվածների միջև առայժմ անբացատրելի հակասություն կա․․․․

Դրա կողքին Կառավարությունն է պարզաբանումներ տարածել, որում ասվում է․ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի,

1) միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,

2) հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,

3) ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը:"

(https://www.gov.am/am/news/item/16148/...)

Այսինքն, Կառավարությունն էլ իր հերթին է պարզաբանել, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակներն ամենևին այն չեն, ինչ եղել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ արբիտրաժային վարույթի շրջանակներում, այսինքն՝ գործընթացները դեռևս չեն թևակոխել ՀԷՑ-ի ազգայնացման փուլ, որի դեպքում Կարապետյանները կկորցնեն դրա նկատմամբ վերասկողությունը կամ սեփականությունը ու հատուցում ստանալու դժվարություն կունենան, ինչպես նշում է որոշումը։ Հետևաբար, կառավարությունը հայտարարել է, որ արբիտրաժային միջանկյալ վճիռը չի կարող տարածվել ժամանակավոր կառավարիչ նշանակելու իր որոշման վրա և այն կմնա անփոփոխ։ Կառավարությունը կարծես թե "փարատել է Հայաստանի և Կիպրոսի միջև գործող փոխադարձ ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագրին Հայաստանի Հանրապետության գործողությունների համապատասխանելու" Ինստիտուտի կասկածները, քանի որ այդ գործողությունների թիրախում, ըստ պարզաբանման, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումն է, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումն է և ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը, հետագա չարաշահումների կանխարգելումն են։ Այսինքն, կառավարությունն իր գործողություններն այս փուլում ներկայացրել է ոչ թե արբիտրաժային ինստիտուտի քննարկած հարցերի շրջանակում, այլ վերոնշյալ տիրույթում, որոնք ուղիղ կապ չունեն պետականացման քայլերի հետ, ու ըստ այդմ՝ եզրափակել է, որ "հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը"․․․

Եթե Կարապետյանների ընտանիքը շտապել է ավետել ու կատարվածը ներկայացնել որպես "միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով ՀՀ կառավարության դեմ տարած հաղթանակ", ինչպես սկսվում է նրանց հաղորդագրությունը, ապա այն ամենևին դա չէ։ Այն միջանկյալ միջոց կիրառելու մասին որոծում է, որը դեռևս չի լուծում ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ միջազգայնացած վեճը, պետությանն ու կառավարությանը չի արգելում դա անելը։ Առնվազն կառավարությունը ստիպված կլինի բուն ՀԷՑ-ի պետականացման փուլում հաշվի նստել միջանկյալ միջոցի համար թվարկված պահանջների հետ՝ անգամ հարկադրված լինելով միգուցե փոփոխություններ կատարել Ինստիտուտի թվարկած վերջերս ընդունված օրենքներում, որպեսզի "Կառավարության գործողությունների վերաբերյալ լուրջ կասկածներն" իսպառ փարատվեն, սեփականատիրոջ հատուցման իրավունքներն էլ չոտնահարվեն։

Այս խմորը դեռևս շատ ջուր է քաշելու, քանի որ ՀԷՑ-ում տարատեսակ չարաշահումների վերրաբերյալ կատարվող անաչառ ու համալիր քննությունը կարող է շատ բան փոխել, ավելին՝ իր հերթին հիմնավորել ՀԷՑ-ը պետականացնելու կառավարության հետապնդած նպատակի լեգիտիմությունն ու օրինականությունը։

Իհարկե, քարոզչական դաշտում հասկանալի է կողմերի պահվածքն ու ցանկությունը՝ Ինստիտուտի կայացրած որոշումը մի կողմի համար հաղթանակ, մյուս կողմի համար՝ պարտություն ներկայացնելու տեսանկյունից, բայց այն միայն գործընթացի սկիզբն է ու շատ քիչ բան է նշանակում։ Եթե կուզեք՝ այն զգաստանալու ուղերձ է կողմերին՝ գործել գրագետ, միջազգային պայմանագրերի ու օրենքի տառի ու ոգուն համապատասխան։

Ստյոպա Սաֆարյան

ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն»

2521