
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի»։ Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» համաժողովին իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բանակի դեպքում մոտեցումն է լեգիտիմության ռազմավարությունը, որը վերջին երկու-երեք տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ «աներևակայելի արդյունքներ»։ Փաշինյանը որպես արդյունք նշեց զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաների աշխարհագրության ու հասանելիության ընդլայնումը, ինչը նախկինում չկար։
«Այժմ Հայաստանի համար զենքի գնման շուկաներն անսահմանափակ են։ Բայց տարընթերցման առիթ չտալու համար ասեմ, որ Էնպես չի, որ մենք ձգտումներ ունենք բոլոր տեսակի սպառազինություններն ունենալ»,- նշեց վարչապետը։
«Որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս մտավախություն չունի, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը պաշտպանելու հարցը, դա անվիճարկելի է։ Բայց, օրինակ, վիճարկումներ կարող են լինել պատմական արդարությունը վերականգնելու մղումների նկատմամբ, որովհետև պարզ չէ, թե ինչ է պատմական արդարությունը, որտեղ է սկսվում ու ավարտվում այն»,- ասաց վարչապետը։