Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կոչ հանրությանը և քաղաքական-պետական գործիչներին

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի և իմ անունից հայտարարում եմ, որ ստանձնում ենք ժամանակին Հայաստանի համար "աղոթելով" Կանադայի քաղաքացու անձնագիր ստացած, Տավուշի թեմի սառեցված հոգևորական, ահաբեկչության և իշխանության զավթման քրեական գործով մեղադրյալ Բագրատ Գալստանյանի դեմ համաժողովրդական հայցադիմում ներկայացնելու ու դատական գործընթացները համակարգող կենտրոնի պարտականությունը։

Քանի որ իմ գրառման ներքո, սուրհանդակային ու հեռախոսային կապով հազարավոր քաղաքացիներ շարունակում են պատրաստակամություն հայտնել որպես համահայցվոր միանալ այդ հայցադիմումին, հայտնում եմ, որ այս շաբաթ կհրավիրենք վստահելի և փորձառու փաստաբանների խմբի՝ ուսումնասիրելու համար նրա արած վիրավորական հայտարարությունները և պատրաստելու հայցադիմումը։

Որից հետո որոշակի ժամանակահատվածով հայցադիմումը դրված կլինի մեր գրասենյակում ստորագրելու համար, որի համար քաղաքացիները կներկայանան անձնագրերով՝ ստորագրելու համար թե՛ հայցադիմումը, թե՛ փաստաբանին տրվող լիազորագիրը։

Սիրելի հայրենակիցներ, քանի որ այն ենթադրելու է որոշակի բազային տուրք հայցադիմումը մուտք անելու համար և վճար փաստաբաններին առաջիկա ամիսներին իրենց ծառայության ու աշխատանքի համար, կարիք կլինի բացել հաշվեհամար և կատարել համաժողովրդական հանգանակություն։ Վստահեցնում եմ, որ մեր նախանական դիտարկումների համաձայն յուրաքանչյուր անձի կտրվածքով այն մեծ գումար չի կազմի, քանի որ հայցադիմումին միանալ ցանկացողները անպատկերացնելի շատ են։

Քանի որ Բագրատ Գալստանյանի հանդեպ շատ առատաձեռն են եղել ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով նույնիսկ նրան շքեղ առանձնատուն էր տվել "երկրի փրկության"՝ իմա՝ մետաղական աստղիկները հանրային ու մանսավոր տրանսպորտի անվադողերի տակ թափելու, ինտերնետային կաբելները կտրելու ու սուպերմարկետներում հերթեր գոյացնելու և այլն, կազմակերպական հարցերը քննարկելու նպատակով, "նրա "շարժման" նկատմամբ հայրական հոգածություն է ցուցաբերել այն տևապես օրհնած ու նրա "հետապնդումները" կանոնավոր դատապարտած և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում նստող Կտրիճ Ներսիսյանը, մեկ տարի առաջ էլ ինչ-ինչ շրջանակներ կարողացել էին նրան տևապես կացություն տալ Անի Գրանդ հյուրանոցի թանկարժեք համարներից մեկում, համոզված եմ, որ դատարանի որոշումից ու այն ի կատար ածումից հետո Բագրատ Գալստանյանի հարուստ և առատաձեռն շրջապատը շատ չի նեղվի իրենց վստահորդի վիրավորած ժողովրդի նյութական վնասի փոխհատուցման ժամանակ, որը մենք միասնաբար կորոշենք, թե ինչի վրա ծախսել։ Այդ առումով մենք այս տասնամյակներին քիչ մոմ չենք գնել առանց ՀԴՄ կտրոնի, որոնց համար Կտրիճ Ներսիսյանը, Բագրատ Գալստանյանը և այլոք բոլորիս նման հարկ չեն վճարել պետական բյուջե, որը կգնար բանակին, բժշկին, մանկավարժին ու թոշակառուին, կնունքների, հոգեհանգիստյան ու հարսանեկան ծառայությունների համար նույնպես քիչ չենք վճարել, որոնցից կրկին հարկեր չեն մուծվել, հետևաբար պետք է ժողովրդի փողը վերադարձվի։

Հրապարակավ կոչ եմ անում Բագրատ Գալստանյանի կողմից հայցադիմումներով պատասխանող դարձած ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան (Anahit Avanesyan)-ին, ՀՀ նախկին վարչապետ ու Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյան-ին, Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար ու ԱԺ պատգամավոր Vahagn Aleksanyan / Վահագն Ալեքսանյան-ին, քաղաքագետ Հարություն Մկրտչյան-ին, Երևանի ավագանու անդամ Ani Khachatryan-ին միանալ հայցին, ինչպես և մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց համարում են հնչած վիրավորական արտահայտությունների հասցեատեր։

Մնացածի մասին հավելյալ կտեղեկացնենք շատ շուտով։

1036