Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել էԿենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող հարցերը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները։

COP17 համաժողովը կարևոր հարթակ է դառնալու պետությունների և միջազգային կազմակերպությունների համար՝ կենսաբազմազանության պահպանման և կայուն կառավարման ուղիների շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։ Կողմերը պայմանավորվել են ակտիվորեն համագործակցել համաժողովի նախապատրաստական աշխատանքներում՝ հատկապես օրակարգի ձևավորման և առաջնահերթությունների հստակեցման ուղղությամբ։ Այդ գործընթացում կարևորվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագիտական ներուժը, և ընդգծվել է համատեղ աշխատանքի պատրաստակամությունը, որպեսզի Հայաստանը հանդես գա համապարփակ օրակարգով։

Նախարարությունը FAO-ի հետ համագործակցությամբ իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ընդլայնել շուրջ 5,700 հեկտար անտառածածկույթ (ընդհանուր անտառային ծածկույթի ավելացում 2%-ով և ՀՀ ազգային նպատակադրության 24%-ով), ապահովել առնվազն 135,800 հեկտար անտառների կայուն կառավարում և ավելացնել ածխածնի կլանման կարողությունը՝ շուրջ 18.8 մլն տոննա ածխածնի չափով 20 տարվա ընթացքում։ Բացի այդ, ծրագրի շրջանակում նախատեսվում է ապահովել արտանետումների նվազեցում մոտ 200,000 տոննա ածխածնի չափով։

Ծրագրի թիրախային տարածքներն ընտրվել են Լոռու և Սյունիքի մարզերը՝ հաշվի առնելով անտառային էկոհամակարգերի առանձնահատկությունները, բնակչության խտությունն ու սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցության աստիճանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման (ՀԴՉ) հանձնառությունների իրականացումը՝ հողերի կայուն կառավարման և դեգրադացված մարգագետինների վերականգնման միջոցով» ծրագիրը։ Այս աշխատանքները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի շրջակա միջավայրի պահպանության ապահովման և գյուղական համայնքների կայուն զարգացման խթանման համար։

113