Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 12-ը՝ Երիտասարդության միջազգային օրը, նշանավորվել է նաև ՆԳ նախարարության ենթակա ծառայություններում։

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ այցելել են Ջերմուկի բաժին։ Նպատակը մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր․ երիտասարդներին ծանոթացնել ոստիկանության գործունեության առանձնահատկություններին՝ նպաստելով նաև համակարգում ծառայելու գրավչության բարձրացմանը։

Համայնքային ոստիկանները ներկայացրել են ծառայության մեջ օգտագործվող տեխնիկական միջոցներն ու գործառույթների առանձնահատկությունները։ Երիտասարդների մասնակցությամբ անցկացվել է նաև իրավիճակային սիմուլյացիա՝ «զինված հանցագործի վնասազերծում» թեմայով։

Հանդիպման ավարտին նրանք ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների հուշակոթողին։

Երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացման և պետական կառավարման գործընթացներում նրանց մասնակցության խթանման նպատակով նմանատիպ միջոցառումներ են անցկացվել նաև Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներում։

Երիտասարդներին հնարավորություն էր ընձեռվել անմիջական շփում ունենալ փրկարարների հետ, ծանոթանալ նրանց առօրյային, գույքին, տեխնիկային և Ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատանքի առանձնահատկություններին։

Միևնույն ժամանակ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով, ի նշան երախտագիտության ու խրախուսման, մի խումբ երիտասարդ կամավորներ արժանացել են պատվոգրերի՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի ժամանակ ցուցաբերած բացառիկ աջակցության և հրդեհաշիջման աշխատանքներին անմիջական մասնակցության համար։

Այսօրինակ նախաձեռնությունները միտված են ձևավորելու արդյունավետ երկխոսության հարթակ՝ երիտասարդների և պետական համակարգի միջև՝ հիմնված փոխըմբռնման, վստահության և համագործակցության վրա։

90