
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ես չէի ուզենա շատ մեկնաբանել արբիտրաժային համապատասխան որոշումը, բայց այդ որոշումը վերաբերում է մեր օրենսդրական ակտին, որը կատարվել է ՀՀ կողմից: Այսինքն, ՀՀ-ն գործել է օրենքի շրջանակներում, իսկ արբիտրաժային որոշմամբ սահմանվում է, որ մենք չպետք է կիրառենք մեր ներպետական օրենսդրությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ՀՀ-ն չի կատարում Ստոկհոլմի Արբիտրաժային դատարանի որոշումը ՀԷՑ-ի վերաբերյալ:
«Այս պահին ունենք հետևյալ իրականությունը՝ միջազգային Արբիտրաժը կայացրել է միջանկյալ որոշում, ըստ էության, հայցի ապահովում կիրառելու մասին, որն այս պահին չի կատարվում Կառավարության կողմից կամավոր տարբերակով: Կա մեխանիզմ, որ դա կատարվի հարկադրաբար, և կա մեխանիզմ՝ դա չկատարելու, եթե դատարանները կորոշեն՝ այդ որոշումը հակասում է հանրային կարգին: Սրանք կարգավորումներ են, որոնք կան միջազգային համապատասխան իրավական ակտերում և ներպետական իրավական ակտերում»:
Նախարարն ընդգծեց՝ սա մեր պետությունն է, և մենք ասում ենք, որ մեր պետությունը իրավական է: Իրավական պետությունը պետք է հետևի իրավական կարգավորումներին, որոնք կան, գործող են և սահամանադրական են, քանի դեռ հակառակը չի հիմնավորվել և արբիտրաժային որոշումը հակասում է հենց դրան: