Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը։ Օրակարգում է Կառավարության կողմից ներկայացված՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու այդ բռնությանը ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծերը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով օրենքում ներառվում է մի հիմնական դրույթ՝ պարտադիր էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառում բռնություն գործադրած անձանց նկատմամբ։

«Նախորդ փոփոխություններով սահմանվել էր նման միջոցի կիրառման հնարավորությունը, այժմ առաջարկվում է հստակ ամրագրել պարտավորությունը՝ բռնարարի համար։ Միաժամանակ, Քրեական օրենսգրքում սահմանվում է նաև պատասխանատվություն՝ այդ միջոցը չկիրառելու կամ կրելուց հրաժարվելու համար»,- նշեց Արմեն Ղազարյանը։

Նրա պարզաբանմամբ՝ եթե բռնություն գործած անձը խուսափի կամ հրաժարվի կրել դատարանի կողմից սահմանված էլեկտրոնային հսկողության սարքը, ապա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով։

Նախագծով առաջարկվում է օրենքի փոփոխությունները ուժի մեջ մտցնել 2026 թվականի մարտից՝ ապահովելու համար մեխանիզմների պատշաճ ներդրումը և կիրառումը։

Իր ելույթում Արմեն Ղազարյանը ներկայացրեց նաև 2025 թվականի առաջին հինգ ամիսների վիճակագրությունը ընտանեկան բռնության գործերով․

  • 234 դեպքում կիրառվել է նախազգուշացում,

  • 701 դեպքում՝ անհետաձգելի միջամտության միջոց,

  • 1917 անձ գտնվում է հաշվառման մեջ որպես բռնության գործին առնչվող։

Նիստի ընթացքում մի շարք պատգամավորներ բարձրացրին հարցեր նախատեսվող փոփոխությունների գործնական կիրառման և վերահսկողական մեխանիզմների վերաբերյալ։

109