Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պրոդյուսեր  և APPA-ի հիմնադիր Զառա Մխեյանը այս դեկտեմբերին ներկայացնում է մեր ժամանակների հերոս Ալեն Մարգարյանի մոտիվներով ստեղծված՝ «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի պրեմիերան:      

 Լրագրող - Զառա, Մենք իմացանք, որ գեղասահքի սիրահարները կարող են ակնկալել նոր սառցե շոու: Ի՞նչ կարող եք առանձնացնել այս ներկայացման մեջ կոնկրետ։                        

Զառա Մխեյան - Մեր ընկերության կողմից սառցե հեքիաթներ ստեղծելը պահանջում է պերֆեկցիոնիզմ, և մենք ձգտում ենք կատարելության դրա ստեղծման մեջ: Ներկայացման մեջ փոխանցվող հիմնական գաղափարներն են լույսը, սերը և բարությունը, որը միշտ հաղթում է չարին, ինչը և ներկայացման հիմքն է։ Ես և ամբողջ թիմը ոգեշնչվում ենք մեր ներկայացումներին ներկա հանդիսատեսի սիրուց և էներգիայից։ Վստահ ենք, որ այս անգամ բարության էներգիան շատ ավելի մեծ կլինի։ Մեր շոուները առաջարկում են նոր և սիրված հեքիաթային ճանապարհորդություններ, և մեր ընկերությունը անընդհատ աշխատում է նոր, անակնկալ պրեմիերաներ ստեղծելու ուղղությամբ։

Լրագրող - Զառա, Դուք համագործակցել եք հանրահայտ կոմպոզիտորներ Ալեքսեյ Գալինսկու հետ, որը ֆանտաստիկ երաժշտություն էր գրել «Ախթամար» սառցե ներկայացման համար, Էդգար Գյանջումյանի հետ, ում կախարդական երաժշտությունը ուղեկցում էր «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե ներկայացումը, իսկ ո՞վ է հեղինակելու «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի երաժշտությունը:

Զառա Մխեյան - Այս անգամ լեգենդար  երաժշտական ստեղծագործությունները նորովի  կհնչեն սառույցի վրա ժամանակակից բարձր  տեխնոլոգիաներով  ուղեկցվող բեմադրության մեջ: Ամանորյա մոգության մասին հեքիաթում ունկնդիր  կլինենք Պ.Ի. Չայկովսկու, Ռ. Վագների, է. Կռիլատովի, Ռ. Պաուլսի, Ա. Գրիգորյանի, Մ. Դունաևսկու և շատ ուրիշների երաժշտական գլուխգործոցներին: Խանդավառությունն ամբողջ ընտանիքի համար երաշխավորված է:

Լրագրող - Իսկ Ալենի ամանորյա հեքիաթը բեմադրվելո՞ւ է ճիշտ այնպես, ինչպես գրքում է: 

Զառա Մխեյան – Ալենի ամանորյա հեքիաթը նոր մեկնաբանությամբ կվերածվի գրավիչ և հետաքրքրաշարժ սառցե ներկայացման՝ հագեցած  անսպասելի մուլտիմեդիայի էֆեկտներով, տեխնիկապես բարդ հնարքներով և ցնցող պարային համարներով: Ալեն Մարգարյանի մոտիվներով ստեղծված սցենարի վրա աշխատում է սցենարիստ, ռեժիսոր-բեմադրիչ Էմիլ Կարատը:

Հրաշքներն ու կախարդանքը իրականանում են, և մեր ամանորյա հեքիաթը պատմում է արտասովոր իրադարձությունների մասին, որոնք սովորական կյանքում անհնարին են թվում, բայց տեղի են ունենում մոգության կամ հրաշքին հավատալու շնորհիվ և, այնպայման, հե՛նց Ամանորի գիշերը:

Լրագրող – Գեղասահորդների ի՞նչ կազմ է ընդգրկված Ամանորյա շոուում: 

Զառա Մխեյան - Ամանորյա պրեմիերայի գլխավոր դերերում հանդես կգան Հայաստանի գեղասահքի աստղերը, Իսրայելի,  Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոններ և բազմաթիվ այլ անվանի գեղասահորդներ, որոնց հետ արդեն շուրջ մեկ տարի աշխատում է հայտնի պարուսույց-բեմադրիչ Դմիտրի Լապշինը:

Լրագրող – Իսկ ի՞նչ դեկորացիաներ են նախատեսված:

Զառա Մխեյան - APPA-pro-ի բեմադրող նկարիչները նոր ներկայացման համար մշակել են բարդագույն դեկորացիաներ: Մուլտիմեդիայի տեխնոլոգիաների մասնագետները շոուի համար ստեղծել են յուրահատուկ արտապատկերումներ և հատուկ էֆեկտներ։ Կլինեն ֆանտաստիկ հսկայական ջահեր ամրոցի համար, քաղաքային մեծ լամպեր և շատ ավելին: 

Լրագրող – Ո՞վ է կոստյումների հեղինակը: 

Զառա Մխեյան - Ես արդեն 25 տարի է, ինչ աշխատում եմ Հայաստանի ամենապրոֆեսիոնալ նկարիչ - հագուստի մոդելավորող Կարինե Դնոյանի հետ, որն այս ընթացքում ստեղծել է բազմաթիվ կոստյումներ մեր նախագծերի համար: «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե շոուի համար արդեն մշակվել են ավելի քան 80 անհատական կոստյումներ, որոնց շնորհիվ յուրաքանչյուր գեղասահորդ կերպարանափոխվում է հեքիաթային հերոսի՝ սառույցի վրա փայլելով որպես մի թանկարժեք գոհար: Շոուին գեղասահորդներից բացի մասնակցում են նաև կրկեսային ակրոբատներ, հոկեյիստներ և երկրորդ պլանի արտիստներ:

Լրագրող - Դուք միշտ մեծ նախագծեր եք ստեղծում, բայց այս անգամ այն պարզապես վիթխարի է, Դուք չե՞ք վախենում նման մասշտաբներից: 

Զառա Մխեյան - Ես մաքսիմալիստ եմ և պերֆեկցիոնիստ: Ուզում եմ հիշեցնել, որ ամենամեծ սառցե շոուն 2016 թվականին կայացած «Fashion on ice» շոուն էր, որին մասնակցում էր 320 մարդ (72 գեղասահորդներ, օլիմպիական չեմպիոններ, աշխարհի չեմպիոններ, 60 մոդել, Հայաստանի պետական ​​ջազ նվագախումբը, ակրոբատներ, երգիչներ, թատրոնի և կինոյի դերասաններ):

Ես և APPA-pro-ի ողջ թիմը գիտակցում ենք, որ «Ալենի ամանորյա հեքիաթի» բեմականացումը չափազանց մեծ պատասխանատվություն է։ Կարող եմ միայն ասել, որ այսպիսի տեխնիկապես արդիական, դեկորացիոն-թատերական տեսակետից բարդ սառցե շոու է:  Հայաստանում միայն մենք ենք զբաղվում սառցե շոուների բեմադրմամբ և մեզ համար մեծ պատասխանատվություն է ամեն անգամ ավելի լավը ստեղծելը: Իհարկե, մեր գլխավոր հարստությունը մեր հայ գեղասահորդներն են, որոնց համար մենք նոր աշխարհ ենք բացում: Ես շատ եմ սիրում իմ ժողովրդին, բայց հե՛նց իսկական հայերին և շատ եմ ցանկանում զարգացնել այս ոլորտը և երջանիկ պահեր պարգևել մեր երեխաներին, հավատացե՛ք, նրանք բոլորն ինձ համար շատ թանկ են:

Լրագրող – Ի՞նչ ուղերձ ունեք հայ ժողովրդին: 

Զառա Մխեյան – Այսօր մենք ստեղծում ենք իրադարձություն, որը կմտնի Հայաստանի գեղասահքի պատմության, Հայաստանի գեղասահորդների և ձեր կյանքի պատմության մեջ: Բայց ամենակարևորն այն է, որ մի՛շտ ապրի մեր հերոս Ալենի հեքիաթը:

APPA-pro-ն աշխարհին հղում է բարություն և սեր, այն ամենն, ինչ մենք անում ենք, լցված է սիրով:

Մենք ուզում ենք, որ այդ թանկարժեք գոհարները՝ մեր գեղասահորդները, ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ է՛լ ավելի պայծառ փայլեն։ Մենք ստեղծում ենք շոու, որը հնարավոր չէ կրկնել։ Մեր մեծ և աներևակայելի տաղանդավոր թիմն ամեն ինչ անում է այն զարդարելու ամենաարտահայտիչ և յուրահատուկ միջոցներով: Այս ներկայացումը սպորտի, արվեստի և ժամանակակից տեխնոլոգիաների անհավանական համադրություն է:

Սառույցի վրա՝ բարձր տեխնոլոգիաներով հագեցած և, միևնույն ժամանակ, բարի և հեքիաթային ներկայացում ստեղծելու մեր առջև դրված խնդիրը մենք կկատարենք 1000 տոկոսով։ Ձեզ սպասում են գույների ու կերպարների իրական հրավառություն՝ մարմնավորված վերջին տեխնոլոգիաների և տարբեր ժամանակաշրջանների լեգենդար մեղեդիների ուղեկցությամբ: Կպատմենք մեր սիրելի Ալեն Մարգարյանի հեքիաթի պատմությունը մեր խոսքերով, այնպես, որ դրա իմաստը հասկանալի լինի ժամանակակից սերնդին։

«Ալենի ամանորյա հեքիաթը» սառցե շոուն կանցկացվի դեկտեմբերի 20-ին և 21-ին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում».

Լրագրող – Որպես Նախագծի գաղափարական ներշնչող, շոուի գլխավոր պրոդյուսեր, ի՞նչ կավելացնեք:

Զառա Մխեյան – Թող բարձրագոչ չհնչի, սակայն, մեր բոլոր մտահղացումները հաջողվում են: Թեև, իհարկե, հուզմունքն առկա է։ 

Սիրելի ամանորյա հեքիաթը վերածրագրավորելու գաղափարը, հանդիսատեսին հղելով բոլոր ժամանակների համար արդիական՝ չարի նկատմամբ բարու հաղթանակի մասին հավերժական ուղերձը, հատկապես համահունչ է մեր օրերին: Իսկ Չայկովսկու կախարդական երաժշտությունը հիանալի հիմք դարձավ պրոդյուսերի երևակայության թռիչքի համար։

Լրագրող - Դուք միշտ աշխատել եք առաջին կարգի գեղասահորդների հետ, դժվար չէ՞ աշխատել մեր գեղասահորդների հետ:

Զառա Մխեյան - Մեր երիտասարդ մարզիկների համար սա սառցե շոուներում աշխատելու առաջին փորձը չէ, այն արդեն երրորդ նախագիծն է հայ գեղասահորդների մասնակցությամբ, բայց ա՛յս ամանորյա հեքիաթին մասնակցելը նրանց առանձնահատուկ հուզեց, քանի որ գրված է մեր սիրելի հերոս Ալեն Մարգարյանի կողմից, և դա մեզ համար մեծ պատասխանատվություն ու պատիվ է:

Միայն մեր աստղ՝ փայլուն և անզուգական Մարիա Մինասյանը, որը կախարդանք է սառույցի վրա (Հայաստանի բազմակի չեմպիոն), վերջում այնպիսի թռիչք կիրականացնի, որ ամեն ինչ արժե: Իսկ ինչ տպավորիչ հաղթանակով է ավարտվում Թունդայի ճակատամարտը, որի դերում Հայաստանի չեմպիոն, ֆանտաստիկ գեղասահորդուհի Սոֆի Կարապետյանն է՝ խարիզմատիկ գեղեցկուհին: Իսկ  չքնաղ Ձյունանուշը և նրա խաղալիք ընկերները չար կախարդի դեմ: Ձյունանուշի դերում անզուգական գեղեցկուհի Աննա Շենյուկն է, որն Իսրայելի պատանեկան հավաքականի անդամ է։ Եվ մեր հրաշալի գեղասահորդներ, Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների բազմակի չեմպիոններ Միքայել Սալազարյանը և Ալբերտ Ղարիբյանը:

Տեսանյութի բովանդակությունը ստեղծվել է մուլտիմեդիայի հատուկ էֆեկտների գծով մի ամբողջ թիմի կողմից։ Բեմահարթակի բառացիորեն յուրաքանչյուր անկյուն տեսաարտապատկերների միջոցով (ոչ առանց նեյրոցանցերի կիրառման) վերածվում է հատուկ, նմանը չունեցող  կախարդական աշխարհի։ Բայց ոչ մի նորագույն հատուկ էֆեկտ և տեխնոլոգիա ո՛չ այսօր, ո՛չ էլ ապագայում չի փոխարինի հավերժական, երբեք չհնացող արժեքներին՝ սեր, ընկերություն, անձնազոհություն և փոխըմբռնում, հանուն որոնց ստեղծվել է Ալեն Մարգարյանի սառցե շոուն:

Միայն «Փերիների պարը հրեշտակների հետ» արժե ամեն ինչ, այն գեղասահորդներին տալիս է թռիչքի աննկարագրելի զգացողություն, նրանք բառացիորեն ճախրում և պտտվում են սառցե հարթակի վերևում: Ապա նրանց են միանում հոկեյիստները: Ժանրերի նման համադրությունը եռակի ուժեղացնում է բեմադրության ազդեցությունը:

Բացի Չայկովսկու, Վագների երաժշտությունից, միտումնավոր ներառել ենք ժամանակակից ռիթմեր և տվել օրիգինալ երաժշտական լուծումներ։ Եվ  անմահ երաժշտությունը հանդիսատեսի համար կստեղծի միանգամայն առանձնահատուկ մթնոլորտ:Անհավանական, հիշարժան սառցե հեքիաթը կուրախացնի երեխաներին և մեծահասակներին ամանորյա արձակուրդների ընթացքում: Մենք արել ենք հնարավորը, և նույնիսկ անհնարինը, որպեսզի հանդիսատեսը ոգեշնչվի, զարմանա, ուրախանա և զգա:                                                        

Լրագրող - Ձեր ստեղծած սառցե շոուները միշտ բարձրակարգ են, բայց գաղտնիք չէ, որ այդ ամենըմեծ գումարների հետ է կապված, Դուք հովանավորներ ունե՞ք։

Զառա Մխեյան - Իմ բոլոր նախագծերը ես ինքս եմ ստեղծում և, որպես պրոդյուսեր, ներդնում եմ իմ անձնական դրամական միջոցները: Մենք հովանավոր ունեինք միայն «Ախթամար. Լեգենդ սիրո մասին» սառցե շոուի համար, բայց այդ հովանավորչական գումարները բավականացնում են միայն գովազդային արշավի համար, անհրաժեշտ են ներդրումներ։ 

Այս անգամ ունենք ներդրող-մեկենաս, որը մեր հերոս, հեքիաթի հեղինակ Ալեն Մարգարյանի մայրն է: Ալեն  Մարգարյանի ընտանիքը սիրո, արժեքների, ավանդույթների, ընտանեկան ամուր կապերի գեղեցիկ օրինակ է: Հայկական մշակույթում ընտանիքն, ավանդաբար, կյանքի կենտրոնն է, և մայրերը հաճախ առանցքային դեր են ունենում երեխաների դաստիարակության գործում: Դրա վառ ապացույցը Ալեն Մարգարյանի մայրն է։

Հայ Մայրը սեր է, քնքշանք, հոգատարություն և հզոր ուժ, որ մեզ հետ է ողջ կյանքի ընթացքում, և տիկին Նազելի Տերտերյանի տեսակը դրա հաստատումն է: Հայ կնոջ՝ զգացմունքային ու հոգատար տանտիրուհու, կնոջ, մոր, հավատարիմ ու նվիրված ընկերուհու սովորական կերպարի մեջ դժվարությամբ է տեղավորվում մարտիկ կնոջ կերպարը, որը ցանկացած պահի պատրաստ է տեր կանգնել իր օջախին, պաշտպանել իր զավակներին  ու հայրենիքը: Բայց դարեր շարունակ բազմաթիվ այդպիսի օրինակներ են եղել, որոնք ցույց են տվել հայ կնոջ ոգու ամրությունն ու ուժը:

Ահա այդպես էլ մենք հիմա միավորվել ենք՝ ստեղծելու մի հրաշք ներկայացում մեր հայերեխաների համար:

Լրագրող֊ Մենք տեղյակ ենք Ձեր կողմից իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերի մասին. դեռևս 2001 թվականին Հայաստանում ստեղծեցիք ֆիլմ֊նախագիծ նորաձևության մասին հայ մոդելավորողների մասնակցությամբ, որը ցուցադրվեց F.TV ֊ով, 2017 թվականին «Սառցե սիրտը» սառցե շոուն, որի ցուցադրությանը ներկա լինելու հնարավորություն ընձեռեցիք հարյուրավոր քաղցկեղով, այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաների, մանկատան սաների և անապահով ընտանիքների երեխաների։ 2018 թվականին, որպես հայ մշակույթի ժառանգություն, ստեղծեցիք հիասքանչ «Ախթամար» սառցե շոուն սիրո մասին հավերժական լեգենդը։ Այս ամենի հետ մեկտեղ, ավելի քան տասը տարի է՝ Դուք աջակցում և ամեն կերպ նպաստում եք գեղասահքի զարգացմանը Հայաստանում։ Որքանով տեղեկացված եմ, նույնիսկ ստեղծել եք Հայաստանի լավագույն գեղասահորդներից կազմված խումբ և մեկ տարվա ընթացքում իրականացրել երեք նախագիծ և այլն, բոլորը չթվարկեմ։ Ասացեք խնդրեմ, «Ալենի կախարդական հեքիաթը» սառցե ներկայացումը, որ ստեղծվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի ստեղծագործության հիման վրա, նույնպե՞ս բարեգործական ձևաչափով եք իրագործում։                                  

Զառա Մխեյան֊ Այս նախագիծն իրականացվում է հերոսամայր Նազելի Տերտերյանի պատվերով։ Տվյալ դեպքում նա նախագծի Մեկենասն է։ Տիկին Նազելի Տերտերյանը վճարում է շոուի ստեղծման, ինչպես նաև հրավիրված մասնագետների վարձատրության համար։ Իսկ ես, որպես պրոդյուսեր, իհարկե, այս սառցե շոուն ստեղծում եմ բարեգործական հիմունքներով ներգրավելով նաև իմ մեծ միջազգային թիմի անդամներին։ Եվ քանի որ Ալենի անունը և այս շոուն պետք է հավերժ ապրեն, ապագայում բոլոր կողմերը ներկայացման ցուցադրություններից կունենան իրենց կոմերցիոն  շահը։ Ի վերջո, որպեսզի այն ապրի և զարգանա, անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ։ Նախագծի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են արդեն 8 ամիս, ներգրավված են շուրջ 50 մասնագետներ։ Հանդիսատեսը վայելելու է բազմաթիվ հատուկ էֆեկտներով, գունագեղ 3D արտապատկերումներով և այլ յուրօրինակ ռեժիսորական լուծումներով չքնաղ բեմականացում։ Նրանք ականատես կլինեն արտիստների ֆանտաստիկ թռիչքների բեմահարթակի վերևում` լուսավորված անթիվ-անհամար մոմերով, ինչպես նաև կհիանան շլացուցիչ զգեստներով։ Նախագծին մասնակցում է ավելի քան 130 մարդ, այդ թվում՝ ստեղծագործական անձնակազմ, մարզիկներ և տեխնիկական անձնակազմ։ APPA-ն ստեղծում է ոգեշնչող գաղափարներ։

APPA-ն ոչ միայն միջոցառումներ է անցկացնում, այլև աշխարհներ է ստեղծում։

www.appa-pro.ru

113