AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

 

Մեր զրուցակիցը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժնի ուսանողուհի Հերմինե Հարությունյանն է:

 

 

Հերմինե, հասարակության մեջ տարածված կարծրատիպ կա, թե այն աշակերտները, որոնք «գլուխ չեն հանում» մաթեմատիկայից, պատմությունից ու բնագիտական առարկաներից, լեզվի գծով են գնում: Ասվածը համապատասխանու՞մ է իրականությանը:

 

Կարծում եմ՝ բնագիտամաթեմատիկական առարկաններից  «գլուխ չհանելու» հետ մեկտեղ պետք  է լավ տիրապետել (օտար) լեզվին՝ կրթությունը այդ ուղղությամբ շարունակելու համար. օտար լեզվի ուսումնասիրությանը մատների արանքով նայել չի կարելի:

Իրականում ես նույնպես «գլուխ չէի հանում» մաթեմատիկայից ու երբեք էլ չեմ մտածել կրթությունս այդ ուղղությամբ շարունակելու մասին, բայց մնացած առարկաները լավ էի սովորում, և այդ պատճառով դժվար էր իմ  մասնագիտական կողմնորոշումը, ուղղակի անգլերենը միշտ առանձնահատուկ է եղել ինձ համար: Դրա համար հենց այդ ուղղությամբ էլ որոշեցի շարունակել և գնալով համոզվում եմ, որ շատ ճիշտ որոշում եմ կայացրել:

 

Թարգմանչուհու առօրյան բավականին հագեցած է: Վստահ եմ, որ բոլոր գործառույթներն արհեստավարժորեն իրականացնելու համար հատուկ հմտություններ են անհրաժեշտ: Դժվա՞ր է ձեռք բերել այդ հմտությունները, որակյալ թարգմանություններ կատարելու համար ի՞նչ առաջնահերթություններ կան:

Որակյալ թարգմանություններ կատարելու համար շատ կարևոր է ելակետային լեզվի քերականության, շարահյուսության ճշգրիտ կիրառումը:

 

 

Քանի՞ լեզու են ուսումնասիրում ԲՊՀ թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժնում:

Առաջին կուրսում ուսումնասիրում ենք անգլերեն և ռուսերեն լեզուները՝ իհարկե չմոռանալով հայոց լեզվի ուսումնասիրության մասին, իսկ արդեն երկրորդ կուրսում կսկսենք ուսումնասիրել ևս մեկ օտար լեզու մեր նախընտրությամբ:

 

Ո՞ր ոլորտներում կարող են աշխատել ԲՊՀ թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժնի շրջանավարտները:

ԲՊՀ թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժինը ավարտելուց հետո կարող են աշխատել  իրավաբանական, նոտարական գրասենյակներում, նախարարություններում, բանկերում, ֆինանսական հաստատություններում, միջազգային կազմակերպություններում, հասարակական կազմակերպություններում և այլն:

 

Հերմինե, կան մարդիկ, որոնք օտար լեզուն զարգացնում են ընթերցանության, ֆիլմ դիտելու, ինչպես նաև շփման միջոցով: Ո՞րն է խոսակցական լեզվի զարգացման Ձեր մեխանիզմը:

Ես նույնպես օտար լեզվի իմացությունս զարգացնելու համար զբաղվում եմ ընթերցանությաբ, ֆիլմ դիտելով, ինչպես նաև անգլերեն լեզվով երգեր լսելով, դրա հետ մեկտեղ առանձնացնում եմ անհրաժեշտ բառապաշար և շարունակաբար ընդլայնում այն:

 

 

Ինչպե՞ս են ԲՊՀ-ում անցկացվում միջանկյալ ստուգումներն ու եզրափակիչ քննությունները:

Դեռևս չենք հասցրել հենց համալսարանում մասնակցել միջանկյալ ստուգումներին ու եզրափակիչ քննություններին, Zoom հարթակով է ամեն ինչ եղել, կարող եմ ասել, որ այդ ամենը շատ կազմակերպված է լինում, և մենք էլ անում ենք ամեն ինչ՝ հնարավորինս լավ պատրաստվելու ու բարեհաջող  հանձնելու համար:

 

Վստահ եմ, որ դիմորդներին հուզում է նաև մասնագիտական գրականության խնդիրը:  ԲՊՀ թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժնի ուսանողների համար գրադարանում հասանելի՞ է մասնագիտական գրականության հիմնական մասը:

Գրադարանում կարծես թե մի փոքր խնդիր կա կապված մասնագիտական գրականության հետ, իսկ գեղարվեստականի մասով խնդիրն այդքան էլ ակնառու չէ:

 

ԲՊՀ-ում ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ապագա թարգմանիչները:

Մենք ուսումնասիրում ենք հայոց լեզու և գրականություն, անգլերեն (քերականություն, հնչյունաբանություն, ընթերցանություն և բառապաշար), ռուսաց լեզու, ՏՀՏ, ֆիզկուլտուրա, քաղպաշտպանություն:

 

Ո՞ր առարկաներից եք քննություն հանձնել ԲՊՀ թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժին ընդունվելու համար:

ԲՊՀ թարգմանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժին ընդունվելու համար անհրաժեշտ է հանձնել հայոց լեզու և գրականություն (Գ), անգլերեն (Գ, Բ):

 

 

Ո՞ր գերատեսչություններում են ապագա թարգմանիչներն անցնում իրենց պրակտիկան:

Հիմնականում պրակտիկան անցնում է դպրոցներում:

 

Օլյա Շահինյան

 

27984