Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 29-ի երեկոյան Մոնակոյի բնակելի շենքերից մեկում, որը գտնվում է Ֆրանսիայի հետ սահմանին, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով վիրավորվել է երեք մարդ՝ տղամարդ, կին և 13-ամյա տղա։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանք բոլորը նույն՝ ուկրաինական ծագում ունեցող ընտանիքի անդամներ են։ Վիրավոր տղամարդը գործարար Վադիմ Երմոլաևն է, որը 2023 թվականից գտնվում է Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում։ Երկու մեծահասակների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ 13-ամյա տղայի առողջական վիճակը, ըստ Le Figaro-ի, կայուն է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Նիսի հիվանդանոցներ։
«Le Figaro»-ն հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն բնակելի շենքում, որտեղ բնակվում է Երմոլաևը։ Իսկ «Украинская правда»-ի երկու աղբյուրներ հաստատել են, որ պայթյունի հետևանքով վիրավորվածներից մեկը հենց Դնեպրից գործարար Վադիմ Երմոլաևն է։
Մոնակոյի իշխանությունների տվյալներով՝ պայթյունը եղել է դիտավորյալ։ Քննության նախնական վարկածի համաձայն՝ անհայտ անձը շենքի նախասրահում թողել է պայուսակ կամ փաթեթ՝ ինքնաշեն պայթուցիկ սարքով, ապա ոտքով հատել է Ֆրանսիայի սահմանը։ Կասկածյալի որոնումներին միացել են նաև ֆրանսիացի իրավապահները, իսկ հարձակման դրդապատճառը դեռևս չի բացահայտվել։
Միջազգային լրատվամիջոցները նշում են, որ սա Մոնակոյում վերջին տարիների ամենաաղմկահարույց բռնի հարձակումներից մեկն է, իսկ իշխանությունները չեն բացառում, որ թիրախը հենց Երմոլաևն էր։
Ո՞վ է Վադիմ Երմոլաևը
Դնեպրից գործարար Վադիմ Երմոլաևը «Alef Corporation»-ի հիմնադիրն է և համարվում է Ուկրաինայի ամենահայտնի կառուցապատողներից ու արդյունաբերողներից մեկը։ Նրա բիզնես շահերը ներառում են անշարժ գույքի զարգացումը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, լոգիստիկան և ալկոհոլային խմիչքների արտադրությունը։
«Forbes Ukraine»-ի ամենահարուստ ուկրաինացիների ցանկում նա զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։ Իսկ 2017 թվականին «Landlord» արդյունաբերական ամսագիրը նրա «Ալեֆ-Վինալ» ընկերությունը դասել էր երկրի խոշորագույն ալկոհոլային արտադրողների շարքում։
2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երմոլաևի դեմ անձնական պատժամիջոցներ է կիրառել տասը տարի ժամկետով: