Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանն ընդունել է Ֆրանսիայի Պլեսի Ռոբանսոն քաղաքի փոխքաղաքապետ Կողին Դուգեղին և «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի համահիմնադիրներ Հայկ Շահբազյանին ու Լևոն Ավդալյանին։ Ողջունելով հյուրերին՝ Քրիստինա Թաթարյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։ Նա նաև շնորհավորել է Հայկ Շահբազյանին Ֆրանսիայում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են սեպտեմբերի 11-13-ը Պլեսի Ռոբանսոն քաղաքում անցկացված միջոցառումների արդյունքները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել «ՕԴԱՐԻՖ» ասոցիացիայի պաշտոնական բացմանը, քաղաքապետարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրմանը, կրթամշակութային համաժողովին և «Հայաստանի օր» միջոցառմանը։

Հյուրերը ներկայացրել են ասոցիացիայի գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված Ֆրանսիայում հայոց լեզվի, պատմության և մշակույթի տարածմանը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի հանրահռչակմանը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է սփյուռքի հայկական կրթօջախներին աջակցելու՝ ԿԳՄՍ նախարարության ծրագրերին՝ կարևորելով սփյուռքահայ ուսուցիչների ամենամյա վերապատրաստումները և հայկական կրթօջախներին դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի անվճար տրամադրումը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի կրթական հաստատությունների միջև համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները։

Մշակութային համագործակցության շրջանակում հյուրերը ներկայացրել են Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ Ֆրանսիայում միջոցառում կազմակերպելու նախաձեռնությունը։ Քրիստինա Թաթարյանը ողջունել է գաղափարը՝ կարևորելով հայ գրականության և մշակութային ժառանգության հանրահռչակումը, մասնավորապես՝ Թումանյանի ստեղծագործական ժառանգության ներկայացումը երիտասարդ սերնդին։

Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Քրիստինա Թաթարյանը ներկայացրել է խաղերի մարզական և մշակութային բաղադրիչները, մասնակիցների ընտրության ընթացքը և կամավորների վերապատրաստման ծրագրերը։ Նա կարևորել է ֆրանսահայ համայնքի ներգրավվածությունը խաղերին, ինչպես նաև կամավորների ֆրանսերենի իմացության և հաղորդակցման հմտությունների զարգացումը։

Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու կամավորական ծրագրերին։ Քննարկվել են փորձի փոխանակման, առցանց հանդիպումների և լավագույն կամավորների համար Ֆրանսիա ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։ Կողմերը վերահաստատել են համատեղ նախաձեռնությունները շարունակելու և երկու երկրների միջև կրթամշակութային ու մարզական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։

85