Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՍԴ դիմած ուժերի միջնորդություններին․

«Մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին»,- ասել է Սրբուհի Գալյանը։ Հարցին՝ ինչպե՞ս են գնահատվում քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները, նախարար պատասխանել է. «Դրանց անդրադարձել ենք մեր դիրքորոշումներում և մեր կողմից բարձրացված հարցերում, իրականում տարբեր են քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները։ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների կողմից ներկայացված փաստարկները գրեթե նույնանում են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև «Միասնության թևերը»»,- ասել է նա և շեշտել, որ մյուս 2 ուժերի հետ կապված՝ «Հանուն հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իր կողմից վերը նշված մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։

 Գալյանը ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Ըստ նրա. «Արդյունքների անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի ներկայացրած փաստարկներում առկա չեն»։

 «Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից՝ մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ՝ «Հանուն հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկների հետ համաձայն ենք»,- նշել է արդարադատության նախարարը։

213