Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհի առաջնության ընթացքում սկանդալային զարգացումներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի հավաքականի շուրջ։ ՖԻՖԱ-ն չեղարկել է ԱՄՆի հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։

Այս որոշումը լայն քննարկումների և քննադատության առիթ է դարձել թե՛ ֆուտբոլային, թե՛ քաղաքական շրջանակներում։

Բալոգունը կարմիր քարտ էր ստացել Բոսնիա և Հերցեգովինայի դեմ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի խաղում՝ մրցակցի նկատմամբ վտանգավոր խախտման համար։ Հեռացման հետևանքով, նա, գործող կանոնակարգի համաձայն, պետք է բաց թողներ հաջորդ հանդիպումը, որտեղ ԱՄՆ-ի հավաքականը մրցելու է Բելգիայի դեմ։

Սակայն Բոսնիա և Հերցեգովինայի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ըստ«Reuters»-ի, Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ջանի Ինֆանտինոյի հետ՝ խնդրելով վերանայել մրցավարական որոշումը։ «The New York Post»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը հետաքրքրվել է, թե ինչու է Բալոգունին ցույց տրվել կարմիր քարտ և ինչու է այն հանգեցրել ավտոմատ որակազրկման։

Դրանից հետո ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն որոշել է կասեցնել որակազրկման կիրառումը։ Փոխարենը Բալոգունին նշանակվել է մեկ տարվա փորձաշրջան, ինչը հնարավորություն է տալիս նրան մասնակցել Բելգիայի դեմ կայանալիք հանդիպմանը։

«Շնորհակալություն ՖԻՖԱ-ին, որ ճիշտ որոշում կայացրեց և ուղղեց այս աղաղակող անարդարությունը»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ՖԻՖԱ-ի այս քայլը, սակայն, անմիջապես բուռն արձագանքների է արժանացել։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ «սարսափած է» կայացված որոշումից՝ ընդգծելով, որ այն հակասում է 2026 թվականի աշխարհի առաջնության գործող կանոնակարգին և կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել։

Քննադատությունները դուրս են եկել նաև սպորտի սահմաններից։ Բելգիայի սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ սպորտում կանոնները չպետք է փոփոխվեն քաղաքական ազդեցության կամ ճնշման արդյունքում․ «Երբ փողն է կառավարում, Աշխարհի առաջնությունը կորցնում է իր ողջ հեղինակությունը»։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Իվան Վերոգստրատեն ևս քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ նշելով, որ կազմակերպության առաջնային պարտականությունը պետք է լինի մրցումների արդարության պաշտպանությունը, այլ ոչ թե քաղաքական միջամտություններին արձագանքելը։

Սոցիալական ցանցերում ևս քննարկումները չեն դադարում։ Շատ օգտատերեր բացահայտորեն մեղադրում են Ջանի Ինֆանտինոյին քաղաքական ազդեցությանը ենթարկվելու և նույնիսկ կոռուպցիայի մեջ։ Համացանցում արագորեն տարածվում են բազմաթիվ մեմեր և երգիծական հրապարակումներ, որոնք ծաղրում են ստեղծված իրավիճակը։ Որոշ երկրպագուներ նույնիսկ կոչ են արել բոյկոտել ԱՄՆ–Բելգիա հանդիպումը՝ պնդելով, որ մրցակցային հավասար պայմանները խախտվել են։

Այս որոշումը կարող է դառնալ աշխարհի առաջնությունների պատմության ամենաքննարկվող կարգապահական դեպքերից մեկը՝ նորից օրակարգ բերելով ՖԻՖԱ-ի անկախության, մրցումների թափանցիկության և քաղաքական ազդեցության վերաբերյալ հարցերը։

119