Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գյումրի համայնքի ավագանին հուլիսի 15-ին կայացած արտահերթ նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Թվով 48 փողոցների և 1 հրապարակի հիմնանորոգում» սուբվենցիոն հայտին համաձայնություն տալու մասին որոշմանը։

Ծրագրով նախատեսվում է 2027  թվականին Գյումրի քաղաքում հիմնանորոգել 48 փողոց՝ իրենց մայթերով, և 1 հրապարակ։ Հիմնանորոգվող փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է 22 հազար 966 մետր, իսկ հրապարակի մակերեսը՝ 1500 քառակուսի մետր։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 միլիարդ ՀՀ դրամ, որից համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնի չափը 4 միլիարդ 200 միլիոն դրամ է կամ ընդհանուր բյուջեի 60 տոկոսը։ Նախատեսվում է աշխատանքները սկսել 2027 թվականի ապրիլին՝ 365 օր տևողությամբ։

Հատկանշական է, որ 2026 թվականին նախապես հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է հիմնանորոգել ևս 39 փողոց՝ մոտ 13 կիլոմետր ընդհանուր երկարությամբ (շուրջ 162,250 քառակուսի մետր մակերեսով)։  Այս փողոցներին հարող հատվածներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև նախորդ տարիներին։

Մասնավորապես, 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է 8 երկրորդային փողոց և 1 հրապարակ (ընդհանուր՝ 2848 մետր)։

2022 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 21 երկրորդային փողոցների հիմնանորոգում (8185 մետր), իսկ 2023 թվականին՝ 29 երկրորդային փողոցների հիմնանորոգում (7951 մետր)։

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված 20 փողոցներից 13 երկրորդային փողոցների հիմնանորոգումն (3357 մետր) իրականացվել է 2025 թվականին, իսկ մնացած 7 երկրորդային փողոցների հիմնանորոգման աշխատանքները (2112 մետր երկարությամբ) շարունակվել են 2026 թվականին։

Բացի սուբվենցիոն հայտից, ավագանու արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ևս 36 հարց։ Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս անգամ ևս ամբողջ կազմով չէր ներկայացել, նիստը կայացավ, քանի որ ներկա մյուս քաղաքական ուժերն ապահովեցին անհրաժեշտ քվորումը։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ավագանու հերթական նիստ էր նշանակված, որը չկայացավ՝ քվորում չապահովելու հետևանքով։ ՔՊ խմբակցության անդամներից ոչ մեկը չէր ներկայացել։

 

196