Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «Ֆոլկանիվ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Ֆոլկանիվ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, Արագածոտնի մարզի Երնջատափ և Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Ալավերդի համայնքներում։

Ծրագրի շրջանակում նշված համայնքներում անցկացվում են հայկական ձեռարվեստի՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ասեղնագործության, ժանեկագործության և տիկնիկագործության դասընթացներ՝ տարբեր տարիքի երեխաներին փոխանցելով ավանդական գիտելիքներ և հմտություններ։  

Այս ծրագիրը կրթամշակութային նախաձեռնություն է, որը փուլ առ փուլ ընդլայնվելու է Երևանում և Հայաստանի մարզերում՝ ներգրավելով տարբեր տարիքային և սոցիալական խմբերի։ Ծրագիրը համատեղում է ժողովրդական ձեռարվեստի ուսուցումը, տեղական ավանդույթների ուսումնասիրությունը, համայնքային հանդիպումները, վարպետության դասերը և մշակութային ճանաչողական այցերը՝ ձևավորելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ամբողջական կրթական միջավայր։

Ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն սովորեցնում է ավանդական արհեստներ, այլև նպաստում է համայնքներում մշակութային ինքնության ամրապնդմանը, տեղական ժառանգության արժևորմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը։

«Ֆոլկանիվ լաբորատորիաները» ձևավորում են մշակույթը ճանաչող և արժևորող նոր սերունդ, բացահայտում և զարգացնում են համայնքների արհեստագործական ներուժը, նպաստում են նոր վարպետների ձևավորմանը և հիմք ստեղծում մշակութային, ստեղծարար և զբոսաշրջային նոր նախաձեռնությունների իրականացման համար։

44