Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի միջազգային գիտական աշխատաժողով՝ նվիրված կենսական նշանակության ծառայությունների և ենթակառուցվածքների մշտադիտարկման, պաշտպանության և վաղ ազդարարման գործում արհեստական բանականության կիրառմանը։ «Արհեստական բանականությամբ օժտված մշտադիտարկման համակարգերը, տարածաշրջանային տվյալների փոխանակումը և վաղ ազդարարման համակարգերը կենսական նշանակության ծառայություններում և ենթակառուցվածքներում» խորագրով աշխատաժողովն իրականացվում է ՆԱՏՕ-ի «Գիտություն՝ հանուն խաղաղության և անվտանգության» (SPS) ծրագրի աջակցությամբ՝ SPS.ARW.G9376 դրամաշնորհի շրջանակներում, և կտևի մինչև սեպտեմբերի 18-ը։
Աշխատաժողովը համակազմակերպում են երևանյան «Տեխնոլոգիաների և ռիսկերի ուսումնասիրության կենտրոն» (CenTRiS) հիմնադրամը և Իտալիայի Կալաբրիայի համալսարանը, իսկ հյուրընկալողը Երևանի պետական համալսարանն է։ Ծրագրի համաղեկավարներն են պրոֆեսոր Ֆրանչեսկո Լամոնական՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, և Գրիգոր Բաբայանը՝ գործընկեր երկրի կողմից։ Օրակարգը կառուցված է երեք ուղղությունների շուրջ՝ էներգետիկ, ջրային և տրանսպորտային ցանցերի մշտադիտարկում, տվյալների անվտանգ փոխանակում հաստատությունների և սահմանների միջև, ինչպես նաև կանխատեսող մոդելներ՝ վաղ ազդարարումը կանխարգելիչ դարձնելու համար։
Սեպտեմբերի 15-ի բացման արարողությանը կմասնակցեն Իտալիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Ուկրաինայի, Կանադայի և Լեհաստանի դեսպանությունների դեսպաններն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության նախագահը։ Կալաբրիայի համալսարանի ռեկտորը հանդես կգա առցանց։
Չորս օրվա ընթացքում տասնչորս երկրի մասնագետներ կներկայացնեն 37 զեկույց, որոնցից հինգը՝ առցանց։ Նախատեսված են նաև կլոր սեղաններ, տեխնիկական այց Երևանի պետական համալսարանի սուպերհամակարգչային կենտրոն և CRISP լաբորատորիա, ինչպես նաև եզրափակիչ նիստ՝ աշխատաժողովի առաջարկությունների ընդունման համար։ Եզրակացությունները կհրապարակվեն ՆԱՏՕ-ի «Գիտություն՝ հանուն խաղաղության և անվտանգության» մատենաշարում՝ բաց հասանելիությամբ։