Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազությունը պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով երկու հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն և Սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։

Մասնավորապես՝

1.    Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։

Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով գնորդը ստանձնել է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարելու պարտավորություն, որի պատշաճ կատարումը գնորդի կողմից ներկայացված հաշվետվություններով և դրանցում արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով չի հաստատվել։

Սնանկության դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։

2.    Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ և «Սոլիդիուս» ՓԲ ընկերությունների՝ «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև «Սոլիդիուս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։

Այս հայցի հիմքում դրվել է պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները ընկերությունների կողմից պատշաճ կատարված չլինելու հանգամանքը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։

40