Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը՝ ԱԲ ոլորտի ընկերությունների, ստարտափների, ինչպես նաև Հայաստանում գործող խոշոր և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են ԱԲ ազգային էկոհամակարգի ձևավորման ընթացիկ տեսլականը և արհեստական բանականության կարգավորման նախագծի մշակման մոտեցումները։

Անդրադարձ է կատարվել հաշվողական ռեսուրսների, այդ թվում՝ ՀՀ կառավարության և Firebird AI ընկերության միջև կնքված պայմանագրով ձեռք բերված հաշվողական հզորության արդյունավետ օգտագործմանը։ Մասնակիցները կարևորել են հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը, մասնագետների և տաղանդի ներգրավումը, ստարտափների ու հետազոտությունների աջակցությունը, մտավոր սեփականության պաշտպանությունը, կարգավորիչ նորարարությունն ու պետական համակարգում ԱԲ կիրառման ընդլայնումը։

Նիստի երկրորդ հիմնական թեման ԱԲ կարգավորման նախագծի նախապատրաստումն էր։ Նշվել է, որ այս փուլում նախնական նախագիծ դեռևս չկա, և նպատակն է ոլորտի տարբեր ներկայացուցիչներից հավաքագրել առաջարկներ ու դիտարկումներ՝ հետագա կարգավորման մոտեցումները ձևավորելու համար։ Քննարկվել են ԱԲ-ի անվտանգ և պատասխանատու կիրառումը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու հաշվետվողականությունը, ինչպես նաև նորարարության համար նպաստավոր միջավայրի պահպանումը։

Հանդիպման արդյունքում ամփոփվել են մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ԱԲ ազգային էկոհամակարգի ձևավորման և կարգավորման հետագա աշխատանքներում։ Խորհրդակցությունները ոլորտի ներկայացուցիչների, մասնավոր հատվածի, ստարտափների, հետազոտական համայնքի և այլ շահագրգիռ կողմերի հետ կշարունակվեն։

70