Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է մարզային երիտասարդական կենտրոնների գործունեությանը։ Նախարարի տեղակալն այցելել է Վերիշենի «ԱԿԱՍ», Մեղրու «ԼՈՖԹ-Մեղրի» և Կապանի երիտասարդական կենտրոններ: Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել կենտրոններում, մանրամասն ծանոթացել ստեղծված պայմաններին, առկա ենթակառուցվածքներին և իրականացվող ծրագրերին:

Այցի առանցքային մասն են կազմել հանդիպումները տեղի երիտասարդների հետ: Ակտիվ քննարկումների ընթացքում նախարարի տեղակալը լսել է նրանց հետաքրքրությունները, նախասիրություններն ու մտահոգող հարցերը: Երիտասարդները ներկայացրել են իրենց ստեղծագործական գաղափարներն ու համայնքային զարգացմանն ուղղված առաջարկները:

Քրիստինա Թաթարյանն անդրադարձել է մասնակցային բյուջետավորմանը և հորդորել երիտասարդներին լինել առավել նախաձեռնող, ակտիվորեն ներգրավվել համայնքային սոցիալ-մշակութային կյանքի զարգացման գործընթացներում, ինչպես նաև հանդես գալ հստակ առաջարկներով։ Նա ընդգծել է, որ պետությունը պատրաստ է աջակցել այն կառուցողական ծրագրերին, որոնք ծնվում են հենց երիտասարդական միջավայրում և ուղղված են համայնքների սոցիալ-մշակութային կյանքի բարելավմանը:

«Ձեր նոր գաղափարներով և ակտիվությամբ դուք կարող եք շատ բան փոխել ձեր համայնքներում: Մարզերում երիտասարդական կյանքի աշխուժացման, հավասար հնարավորությունների ստեղծման և երիտասարդների ներուժի լիարժեք բացահայտման համար պետական աջակցությունը կարևոր նախապայման է, սակայն հենց ձեր նախաձեռնողականությունն ու ակտիվ համագործակցությունն են հանդիսանում այն շարժիչ ուժը, որն իրականություն է դարձնում այդ փոփոխությունները»,- նշել է նախարարի տեղակալը։

Քրիստինա Թաթարյանը բարձր է գնահատել Սյունիքի երիտասարդների հետաքրքրիր և արդյունավետ քննարկումներ իրականացնելու պատրաստակամությունը՝ շնորհակալություն հայտնելով կենտրոնների պատասխանատուներին ու երիտասարդներին։

Նշենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի շրջանակում Հայաստանի տարբեր բնակավայրերում գործում են 19 երիտասարդական կենտրոններ: Մինչև ընթացիկ տարվա վերջ պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսվում է բացել ևս 6 կենտրոն:

71