Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը մտադիր է Հարավային Կովկասում ստեղծել տարածաշրջանային անվտանգության կայուն ճարտարապետություն, որն ունակ կլինի դիմակայել պատերազմի հանգեցնող գործոններին, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերին։

Այս մասին Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Խոսքը պարզապես հռչակագրային խաղաղության կամ թղթի վրա մնացող խաղաղության մասին  չէ։ Մենք կառուցում ենք իսկապես կենսունակ խաղաղություն, որը մարդիկ կարող են իրականում զգալ»,- ընդգծել է նա։

«Մեր առջև երկու ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն։ Մենք ընտրեցինք հավերժական խաղաղության ուղին»,- ասել է նա։

Հաջիևը հավելել է, որ Ադրբեջանը հավատարիմ է համագործակցության մշակույթին ու ավանդույթներին և ձգտում է ապահովել, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքը ծառայի խաղաղության, կայունության և փոխգործակցության շահերին։

«Մենք կպահպանենք և կամրապնդենք այս խաղաղությունը։ Խաղաղության հայեցակարգի հիման վրա մենք մտադիր ենք կառուցել տարածաշրջանային անվտանգության ճարտարապետություն, որն ունակ կլինի դիմակայել պատերազմի հանգեցնող բոլոր բացասական գործոններին, ինչպես նաև այն ուժերի գործողություններին, որոնք փորձում են խաթարել խաղաղ գործընթացը։ Այն պետք է երկարաժամկետ արդյունք ապահովի ապագա սերունդների համար»,- նշել է Հաջիևը։

Նա շեշտել է, որ երկու երկրներն արդեն հաստատել են առևտրային կապեր և աշխատում են տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ։

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, իսկ մենք առաջարկում ենք, որ այն դառնա տարածաշրջանի այլ պետությունների հետ կապված երկիր, և մենք նրա համար բացում ենք տարբեր տրանսպորտային ուղիներ»,- ասել է նա։

144