Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական նիստում անդրադարձել է մայրաքաղաքի խցանումների խնդրին և այս թեմայով արվող շահարկումներին։

«Երևան քաղաքում ավելացել են ավտոմեքենաները, ընդ որում՝ էքսպոնենցիալ տեմպով, և ավելացել են մեկ պարզ պատճառով, որ ՀՀ-ում ընդհանուր առմամբ տնտեսությունն աճում է, ՀՆԱ-ն ավելանում է, աշխատատեղերն ավելանում են, մարդիկ ավելի շատ գումար են վաստակում և, այո՛, գնում են մեքենա։ Արդյո՞ք շենքերը և շինթույլտվություններն ավտոմատ կերպով ազդում են երթևեկության վրա։ Ո՛չ, միանշանակ ո՛չ։ Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներում ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են, գումար են վաստակում ու գնում նոր ավտոմեքենա, և միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի»,- ասել է նա։

Քաղաքապետը շեշտել է, որ Երևանն այս շինարարությունից շահում է։

«Եթե մի պահ պատկերացնենք, որ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ մի կետում կդանդաղեցնի շինարարական այս տեմպը, ուզում եմ պատկերացնեք՝ անշարժ գույքի և վարձակալության շուկայի հետ ինչ տեղի կունենա։ Շենքերը չեն, որ բերում են շարժունակության, և նոր շենքերը չեն, որ բերում են նոր մարդկանց։ Նոր մարդիկ տեղափոխվում են մեծամասամբ պատերազմի պատճառով, որ տեղի է ունենում հյուսիսում, և մարդիկ տեղափոխվել են 2023 թ. ԼՂ-ից տեղահանված հազարավոր ընտանիքներ, որոնք ապրում են Երևանում։ Եվ, այո՛, մեր բնակչությունն աճել է, և դա նոր շենքերով չի պայմանավորված»,- ասել է նա՝ շեշտելով, որ այդ շենքերը զսպում են վարձակալության ու նոր բնակարանների գինը։

«2022 թվականից կառուցվող նոր շենքերից Երևան քաղաքն ուղիղ ֆինանսական հետաքրքրություն ունի։ Հարյուրավոր բակեր, ֆուտբոլի դաշտեր, ճանապարհներ, կոյուղիներ, որոնք կառուցել է Երևանի քաղաքապետարանը, կառուցվել են այն տուրքերով, որոնք սկսել են ներդրվել 2023 թվականից։

Թող ինձ ներեն, բայց ուզում եմ շատ ուղիղ ասել՝ այն գումարները, որոնք ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր վերածվում են մանկապարտեզների, բակերի, փողոցների՝ հենց այդ նույն շինարարության շնորհիվ»,- ասել է նա։

307