Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան արդեն կապ է հաստատել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։
«Մենք կապ ենք հաստատել Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուսաստանցի գործընկերն արդեն որոշված է․ դա Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն է։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման օգտին»,- պարբերականին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գերատեսչությունից հավելել են, որ բանակցողները կենտրոնանալու են գործնական խնդիրների վրա՝ առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնման։ Մի շարք ուղղություններով աշխատանքն արդեն ընթանում է։ Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի գերատեսչությունների ներկայացուցիչները փորձում են պարզեցնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ մատակարարումները։
Թերթը հիշեցնում է, որ Վրաստանի իշխանությունները հոկտեմբերի վերջին Ռուսաստանի հետ կապերի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ են նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլին։
Նշված պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի գարնանից, իսկ այժմ Թբիլիսին որոշել է վերսկսել Մոսկվայի հետ ուղիղ երկխոսությունը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը ողջունում է այդ քայլը և հույս ունի, որ նշանակումը նոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։