Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Ստրասբուրգ) Ռուսաստանից պահանջում է անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին ՝ հիմնվելով միջանկյալ միջոցների վերաբերյալ ՄԻԵԴ կանոնադրության 39-րդ կետի վրա: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան:

«ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել իմ դիմումի հիման վրա, որը ես ներկայացրել էի դեռևս հունվարի 20-ին: Դա կապված է Նավալնիի, մեր կարծիքով, ապօրինի կալանավորման հետ: Ստրասբուրգի դատարանը որոշում է կայացրել ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ կետի հիման վրա: Ըստ գործող նորմերի, միջազգային բոլոր պայմանագրերին համապատասխան, Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ ազատի Նավալնիին: ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի հետ կապված որոշումներն իրականացնում են բոլոր երկրները, առանց բացառության: Բողոքարկումն անհնար է»,-հայտարարել է Միխայլովան:

Մոսկվան ՄԻԵԴ-ի՝ Ալեքսեյ Նավալնիին անհապաղ ազատ արձակելու պահանջը համարում է ճնշում Ռուսաստանի Դաշնության վրա և միջամտություն ներքին գործերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ ՌԴ արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ Ռուսաստանը չի կարող միջանկյալ միջոցների շրջանակում ՄԻԵԴ-ի պահանջով ազատ արձակել Նավալնիին, քանի որ դա կլինի կոպիտ միջամտություն ինքնիշխան պետության դատական համակարգի աշխատանքին։

shantnews.am

580