Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Քեռյանին:

 

Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ԲՈԿ-ի նոր նախագահին կհաջողվի իրագործել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումները:

 

«Մենք ակնկալում ենք բովանդակային աշխատանք. շահարկումներն ու տարատեսակ անվանարկումները ԲՈԿ-ի հետ չպետք է առնչություններ ունենան»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:

 

Կարեն Քեռյանը շնորհակալություն է հայտնել գիտական աստիճանաշնորհման համակարգի ղեկավարման պատասխանատվությունն իրեն վստահելու համար` նշելով, որ համակարգի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծվեն համատեղ ուժերով:

 

«Շատ կարևոր են միասնական նպատակի սահմանումը և դրան միտված ծրագրային բարեփոխումների իրականացումը»,- նշել է նա` ավելացնելով, որ ակնկալում է ԲՈԿ-ի անձնակազմի և ԿԳՄՍ նախարարության  հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանք:

 

Հավելենք, որ Կարեն Քեռյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, եղել է Հայաստանի թիմի ղեկավարը ուսանողական միջազգային օլիմպիադաներում:

26 Մարտ, 2021 19:33
255
; ;