Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման՝ ՇՄԱԳ փորձագիտական ինստիտուտը վերանայելու, ինստիտուցիոնալ առումով վերաձևավորելու և փորձագիտական գործընթացը հիմնովին փոխելու անհրաժեշտություն կա։ Սա շրջակա միջավայրի նախարարության առջև ծառացած մտահոգիչ և առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որին պետք է հանգուցալուծում տանք 2021 թվականի ընթացքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

 

«Իմ հրամանով ամիսներ առաջ շրջակա միջավայրի նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ նոր օրենքի մշակման ակտիվ աշխատանքներ է տանում։ Նոր օրենքի ընդունմամբ ակնկալվում է նախևառաջ նոր որակի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և Ռազմավարական էկոլոգիական գնահատման ինստիտուտի կայացում և գործընթացի մասին հանրային ընկալումների փոփոխություն։ Պետք է փոխվեն ՇՄԱԳ փորձաքննության ողջ գործընթացը և ընթացակարգերը։

 

Այն, ինչ այսօր կա, չի բավարարում տնտեսվարողների արդի պահանջներին և իրական բնապահպանությամբ մտահոգ շրջանակների պահանջներին։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է դառնա լիովին նոր կառույց՝ նոր ու հզոր կարողություններով օժտված։

 

Աշխատանքային քննարկումներն ուղեկցվում են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների, բնապահպանների և փորձագետների ավելի լայն խմբի հետ քննարկումներով։

 

Օրենքի փոփոխության նախագծի առանցքային կետերից են՝

 

ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ՝ սկսած ՇՄԱԳ-ի հայտի ընդունումից.

 

հնարավորություն ընձեռել միջազգային փորձագետ կամ փորձագետների խումբ ներգրավել գործընթացին.

 

ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացի թափանցիկությունը.

 

օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային իրավական չափորոշիչներին,

 

հստակեցնել փորձագետների աշխատանքային կարգավիճակը.

 

հստակեցնել ՇՄԱԳ և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերի և գործունեության տեսակների շրջանակը և այլն:

 

Առաջիկա 2-3 ամիսներին նոր օրենքի նախագիծը վերջնական պատրաստ կլինի՝ բոլոր ինստիտուցիոնալ լուծումներով։ Այն կներկայացվի շահագրգիռ բոլոր կողմերի քննարկմանը, և հանրային լայն քննարկումներից հետո սահմանված կարգով կդրվի շրջանառության մեջ։

 

Այս փոփոխությունների վերջնարդյունքում մենք ունենալու ենք պետության կողմից մանդատավորված փորձաքննությունների կենտրոն, որն օժտված է լինելու լայն լիազորություններով, լինելու է ավելի ազդեցիկ և իրականացնելու է լուրջ խորքային ու բովանդակային գործառույթներ»,- գրել է նախարարը:

 

05 Ապրիլ, 2021 12:46
74
; ;