«Երեք փուլի ստուգումներ ենք իրականացրել, որոնք կարող ենք հստակ նշել, որ ամեն ստուգման արդյունքում իրավախախտումներն ավելի քիչ էին, քան նախորդ ստուգման արդյուքնում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով կաթնամթերքի շուկայում հայտնաբերված իրավախախտումներին:

«Դրական դինամիկան ակնհայտ է: Սակայն այսօր չենք կարող ասել, որ դաշտն ամբողջությամբ զերծ է իրավախախտումներից»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով. «Սկզբունքային է, որ հաճախորդները հնարավորինս պարզ պետք է տեսնեն ապրանքի էությունը: Հասկանում ենք, որ սպառողը պետք է ընթերցանությամբ չզբաղվի խանութներում: Եղել են դեպքեր, որ ամբողջությամբ կեղծվել է ապրանքը»:

ՏՄՊՊՀ նախագահը հորդորում է զերծ մնալ իրավախախտումներից, որովհետև այս պահից սկսած սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ՏՄՊՊՀ հանձնաժողովը ստուգումներ է իրականացնելու առանց նախազգուշացման, որպեսզի հայտնաբերվեն իրավախախտումները: Ժամանակն է եկել, որպեսզի բոլորը աշխատեն հնարավորինս մրցակցային օրենքի դաշտում:

Գևորգյանի խոսքով, իրենց ամբողջ խնդիրն այն է, որպեսզի դասակարգվի, թե սպառողն իմանա` այն գումարը, որը վճարում է, դրանով ձեռք է բերում կաթ, թթվասեր, թե՞ թթվասերի տեխնոլոգիայով պատրաստված մթերք բուսական յուղով. «Այդ ժամանակ ընտրությունը կլինի հաճախորդինը: Ամբողջ էությունը կայանում է սրանում: Եվ այդ պարագայում ապրանքների գներն իրենց տեղը կգտնեն: Դաշտը մրցակցային է, և այստեղ չարաշահում գնի տեսքով ուղղակի լինել չի կարող»:

356