Ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակոցներ են արձակում Ասկերանի շրջանի Շոշ և Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին երեկ Շոշ համայնք կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել են համայնքի ղեկավարն ու բնակիչները, ընդ որում կրակոցները լինում են ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին։

Ապրիլի 20-ին Շոշ համայնքի ուղղությամբ կրակոցներից համայնքի բնակիչների կյանքին, առողջությանն ու գույքին վնաս չի հասցվել։ Սակայն հստակ է, որ կրակոցներով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին, վախի մթնոլորտ ձևավորելու համայնքներում և խաթարելու բնակչության բնականոն կյանքը։

Ադրբեջանի զինված ուժերը ապրիլի 20-ին կրակել են նաև Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել են Ստեփանակերտ քաղաքի Վ.Վաղարշյան 13/46 հասցեում գտնվող տան տանիքը և առաստաղը: Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տանտերերը հայտնել են, որ ռուս խաղաղապահներն ու ոստիկանության աշխատակիցներն այցելել են ընտանիքին և ծանոթացել միջադեպի հանգամանքներին։

Խաղաղ բնակչության ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ու բնականոն կյանքի դեմ ուղղված ադրբեջանական կողմի ոտնձգությունները, արձանագրվող դեպքերի հաճախակիությունը պահանջում են ինչպես Արցախի զինված ուժերի և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացում, այնպես էլ նման միջադեպերի հետաքննության համար հստակ մեխանիզմների ներդրում, ինչը հնարավորություն կտա ռուսական կողմի աջակցությամբ պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին՝ հետագայում բացառելով նման դեպքերի կրկնությունը։

505