Մեսրոպի ու Գոհարի զավակները` Հովհաննեսը, Արամը, Խաչիկն ու Շուշանը, տունը լցնում էին ուրախությամբ: Սասունիկում ապրող  Մուրադյանները երջանիկ էին, ապրում էին գյուղի առօրյա հոգսով: Ամուսիններով Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան  հիմնական դպրոցում են աշխատում, որտեղ և սովորել են նրանց չորս երեխաները: Տան անդորրը խախտեց 44-օրյա պատերազմը: Գրեթե մեկուկես տարվա զինվոր որդին` Խաչիկը, որը Դիլիջանում էր ծառայում, ցավոք, հոկտեմբերի 16-ին զոհվեց  ԱԹՍ-ի հարվածից:

Նստել եմ Խաչիկի հոր կողքին ու նրան մխիթարելու բառեր չեմ գտնում: Մեսրոպ Մուրադյանը  խոսելու, արտահայտվելու, կիսվելու, թեթևանալու կարիք ունի: Փորձում եմ լսել նրա պատմությունը՝ առանց խանգարելու, առանց ավելորդ հարցերի:

 

«Խաչիկը Դիլիջանում էր ծառայում: Մեկ տարի երեք ամիս ծառայելուց հետո, սկսվեց պատերազմը: Առաջին օրվանից ինքնակամ Արցախ էր գնացել: Մենք չենք էլ իմացել: Անհանգստանում էինք, բայց երբ հարցնում էի, ասում էր` Շամշադինում ենք: Բայց իրականում Մարտակերտում է եղել: Ամեն երեկո տուն էր զանգում: Ասում էր շատ լավ եմ: Երկու շաբաթ հետո եմ իմացել, որ Արցախում է: Միայն մեծ եղբորը՝ Հովհաննեսին է  ասել, որ ճակատում է: Բյաց տղես էլ ինձ ոչինչ չի ասել, խնայել է:

Ընկերասեր էր, հավատարիմ, անկեղծ ու շիտակ տղա էր: Իմ երեխաները բոլորն էլ յուրահատուկ են: Հովհաննեսս էլ, Արամս էլ, ամեն մեկն իր տեսակի մեջ լավն է: Բայց Խաչիկիս բնավորությունը լրիվ ուրիշ էր: Երեք եղբայր շատ կապված էին, ոնց որ մի բռունցք լինեին»:

Խաչիկին ամբողջ գյուղը գիտի: Հայրը պատմում է, որ հրամանատարները բոլորն էլ գոհ են եղել նրա ծառայությունից: Մինչև այսօր էլ հրամանատարները, մարտական ընկերները գալիս են գյուղ, այցելում Մուրադյաններին:

«Երբ ԱԹՍ-ն ընկել է տղաների ուղղությամբ, երեքը տեղում են մնացել, մյուսները վիրավորվել են: Խաչիկը չի փրկվել` հարվածը գլխի շրջանում է եղել: Միանգամից զոհվել է: Խաչիկիս հրամանատարը տղայիս մեդալը բերելիս նրա պատրաստած պատի թերթն էր բերել մեր տուն, որտեղ տղաս գրել էր քառօրյա պատերազմում զոհվածների մասին: Տղայիս զոհվելուց հետո խոսել եմ Մհեր Երզնկյանի հոր` Մայիսի հետ, որի որդու մասին ևս տղաս գրել էր: Պայմանավորվել ենք, որ պիտի հանդիպենք անպայման»:

Խաչիկի հրամանատարները պատմել են, որ երբ հակառակորդը իրենց հրետանին շարքից հանել էր, ինքն անձամբ է հավաքել իր հրետանային տեխնիկան: Մեսրոպը հաճախ է որդու շիրիմին այցի գնում: Ու այսօր` պատերազմից կես տարի անց, որդի կորցրած հայրը փորձում է իրավիճակին նայել կողքից` գիտակցելով, որ պատերազմ գնացողը գիտի, որ ապրելու շանսը քիչ է:

«Ես այդքան չեմ նեղվում, որ տղաս զոհվել է, քանի որ պատերազմ գնացողը գիտի, որ ապրելու շանսը քիչ է: Բա պիտի գնար, իր հայրենիքը պիտի պաշտպաներ: Նեղվում եմ երկրի ներսում տիրող քաղաքական կռիվներից, որ իրար են ուտում»:

 Խաչիկի հայրը պատմում է, որ կինը`տիկին Գոհարը, չի հաշտվում տղայի կորստյան հետ, անգամ աշխատանքի չի կարողանում գնալ: Դպրոցի ամեն անկյուն Խաչիկին է հիշեցնում: Մեսրոպը կնոջ կողքին է: Որդիներն ու դուստրն էլ փորձում են օգնել, նեցուկ լինել, որպեսզի մի կերպ հաղթահարի ու շարունակի ապրել` թեկուզ հանուն որդու անմահ հիշատակի:

Սասունիկը ինը զոհ է տվել այս պատերազմին: Չորսը ժամկետային զինծառայող են եղել, երկու եղբայրներ՝ ոստիկանության համակարգից, մեկը՝ պայմանագրային զինծառայող, մյուսներն էլ կամավորներ: Տղաները գնացին, որ թշնամին չհասնի իրենց գյուղ, որ  գյուղում կյանքի ընթացքն անխախտ մնա, որ գյուղամիջում անընդհատ վազվզող մանուկներ լինեն, որ երկրում խաղաղություն լինի, որ...

Հայկ Մագոյան

4830