«Առաջին լրատվական»-ը գրում է.

Վերջին օրերին «Առաջին լրատվական»-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ու «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցներից, որոնք պնդում են, որ ընկերությունների տնօրինությունը հրահանգ է իջեցրել քվեարկել կոնկրետ քաղաքական ուժի՝ «Հայաստան» դաշինքի օգտին։ Աշխատակիցները նաև պնդում են, որ իրենց սպառնացել են՝ չքվեարկելու պարագայում կկորցնեն աշխատանքը։
«Առաջին լրատվական»-ը գրավոր հարցումներ էր ուղարկել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, և թե «Գազպրոմ Արմենիա»-ին։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ արդյոք հենց տնօրինության կողմի՞ց է իջեցվել հրահանգը՝ քվեարկել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կառույցի օգտին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից մեզ պատասխանել են, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Զանգվածային լրատվամիջոցներում նմանատիպ բովանդակության հրապարակում եղավ նաև հունիսի 12-ին ՝ ընկերության կողմից դեռևս ս.թ. ապրիլից պլանավորված ուսումնական վարժանքների/թրեյնինգների հետ կապված, երբ նույն օրը նույն ժամին (քաղաքական ուժերից մեկի հավաքի ժամանակ), մենք մեր դասընթացները/միջոցառումներն էինք անցկացնում Վանաձոր քաղաքում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է, երբևէ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունեցել, և անթույլատրելի են մեր աշխատակազմին որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Հակառակը, Ընկերության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգված է խստորեն հետևել և ոչ մի ձևաչափով թույլ չտալ անձնակազմի կողմից մեկը մյուսի օգտին քարոզի դրսևորում: Այն աշխատակիցներին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են քարոզարշավում, տրամադրվել է արձակուրդ՝ մնացած աշխատակիցների վրա ազդեցություն չունենալու նպատակով»,-ասված է ՀԷՑ-ի պատասխանում։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, ապա այդտեղից էլ մեզ պատասխանել են, որ ընկերությունը ՀՀ տարածքում ապահովում է սպառողների անխափան և անվտանգ գազամատակարարումը և ընկերության գործունեությունը քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: «Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված՝ ընկերության տնօրինությանն առնչվող ահազանգերի բովանդակությանը, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում: Ընկերությունը և ընկերության ղեկավար մարմինները որևէ կերպ ներգրվված չեն քաղաքական գործընթացներում»,-ասված է գրավոր պատասխանում։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

14 Հունիս, 2021 17:19
1167
; ;