Նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Վ.Վ.-ն Շ. Դ.-ի հետ նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք:

Ինչպես տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, հունիսի 14-ին Վ. Վ.-ն ու Շ. Դ.-ն ձերբակալվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու` խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Վ. Վ.-ի ու Շ. Դ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հիշյալ քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:

Այսպիսով, ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող 3 քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 5 անձի, որոնցից 3-ը կալանավորվել են: Կասկածյալի կարգավիճակ ունի 9 անձ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

15 Հունիս, 2021 16:58
325
; ;