ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագմավոր Լիլիթ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«-Լիլիթ ջան, ախր ինչու «չմաքրեցիք» ոլորտները, որ էսօր էսքան սաբոտաժ ու պրոբլեմ չառաջացնեին...

-Լիլիթ ջան, թավիշը շատ է, պետք չի էդքան, չեք տեսնում`չի անցնում ...

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ`

* Իմ ծնողներին քաղաքական հայացքների ու դիրքորոշման համար նախկին ռեժիմը ազատեց աշխատանքից։ Մեծ ցավ էր։ Բազում զրկանքների ու դժվարությունների միջով ենք անցել։ Հայրս չգերազանցված իրավաբան է, մայրս` հոգեբան-մանկավարժ։ Ես ու իմ քաղաքական թիմը պայքարել ենք նաև այս արատավոր երևույթի դեմ։ Երբ խոսում ենք 2018-ի քաղաքական պրոցեսների մասին, նախևառաջ պետք է շեշտել, որ դա արժեքային հեղափոխություն էր։ Ես դեմ եմ միայն քաղաքական կողմնորոշման համար մարդկանց աշխատանքից ազատելուն, քանի որ պրոֆեսիոնալիզմը պետք է ծառայի տվյալ բնագավառին , դրանով ծառայելով նաեւ պետությանը։ Այո, շատ են ընդդիմադիր ուժերի հանրահավաքներին այն մասնակիցները, ովքեր աշխատում եմ տարբեր ոլորտներում։ Բայց նրանք պետք է գնահատեն այն ազատությունը, որը տրված է նրանց այս իշխանության կողմից։ Գնահատեք այն, ինչ ունեք։ Նախկինում դրա համար «պատիժները» շատ կենսունակ էին։

* Մեր ժողովրդից շատ ոչ ոք խաղաղության ու համերաշխության գինը չգիտի ու չի հասկանում։ Մեր քաղաքացիները սովորական մարդիկ են, իրենց առավելություններով ու թերություններով։ Չգիտեմ էս դեպքում թավիշ ասելով ով ինչ է հասկանում, բայց ՉԻ ԿԱՐԵԼԻ մարդկանց վայրենու կամ մազոխիստի տեղ դնել։ Դաստիարակության տեսության մեջ մի այսպիսի միտք կա. «Ծեծն ու նախատինքը, բիրտ ուժն ու հարվածը նման են հաշիշի։ Ժամանակի ընթացքում ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտություն է առաջանում անընդհատ շատացնել չափաբաժինը։ Եվ կգա մի պահ, երբ դրանք կիրառողն այլեւս անզոր կլինի, իսկ «դաստիարակության» ենթարկվողը նրան կկանգնեցնի դժվար ու ծանր փաստի առաջ` վտանգ դառնալով ինքն իր, շրջապատի ու հասարակության համար»: Հետևաբար, չի կարելի հասարակության հետ խոսել միայն բիրտ ուժի դիրքերից` նրան ենթարկելու կամ հնազանդեցնելու համար։ Մեր երազած հասարակությունը էսպիսին ոչ մի պարագայում չպիտի լինի։ Մենք քաղաքացիական հասարակության կայացման խնդիր ունենք ու ապրում ենք ժողովրդավար երկրում։ Մարդկանց պետք է ազատություն ամեն ընտրության հարցում և դա նրանց բնական իրավունքն է։

*Որպես վերջաբան: 2018-ից մինչ այսօր բոլորին` թե կառավարող ուժին, թե ընդդիմադիրներին, թե պետական ապարատի տարբեր օղակների աշխատակիցներին, բոլոր-բոլորին, տրվել է շանս ծառայելու քաղաքացուն և ՀՀ-ին։ Հունիսի 20-ին ամեն մեկը կհնձի այն, ինչ ցանել է և կունենա այն, ինչին արժանի է։

Ինձ համար մարդը բացարձակ արժեք է»։

 

894