Նուբար Աֆեյանը հայտարարել է՝ 2021-ի մրցանակաբաշխության արարողության նպատակը միջոցառումների առցանց անցկացումից հետո հյուրերին առաջին անգամ համախմբվելու հնարավորություն տալն է:

2021-ի «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Վենետիկում հոկտեմբերի 8-10-ը: Տեղեկությունը հայտնում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը։

Նշվում է, որ բուն արարողությունից բացի, հյուրերն ու մասնակիցները Վենետիկում հայկական ժառանգությանը ծանոթանալու մեծ հնարավորություն կունենան:

«2021-ի մրցանակաբաշխության արարողության նպատակը միջոցառումների առցանց անցկացումից հետո հյուրերին առաջին անգամ համախմբվելու հնարավորություն տալն է։ Վերջին մեկուկես տարին դժվար էր յուրաքանչյուրիս համար, և բոլորս էլ ցավալի կորուստներ ենք ունեցել: Այդ պատճառով էլ շատ հուզված ենք մեր հիանալի համայնքին մեր երախտագիտությունը հայտնելու, աշխարհի մարդասերներին Վենետիկում հավաքելու և այս վայրում հայկական ժառանգության ու հարուստ պատմությանը ծանոթացնելու հնարավորության համար»,- նշել է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

Այժմ շարունակվում է «Ավրորա 2021» մրցանակի առաջադրումների ընդունումը։ Մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ը ցանկացած մարդ կարող է թեկնածու առաջադրել մրցանակի համար:

Հիշեցնենք, որ «Ավրորա» համաժողովն անցկացվում է որպես հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ և ի նշան երախտագիտության բոլոր նրանց, ովքեր ցեղասպանության ժամանակ փրկել են հայերին։



Աղբյուր՝ armeniasputnik.am

2251