
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին:
«Այսօր ԱԺ-ում իմ գործընկերոջ պնդմանը, թե այն պաշտպանության նախարարները, որոնց պաշտոնավարման ընթացքում փողով կամ զանգով մարդիկ են ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են, ՀՀ ՊՆ նախկին նախարարի կողմից շիշ շպրտվեց նրա կողմ` հետևյալ խոսքերով. «արա, հայրենիքի դավաճանը դու ես»: Չգիտեմ, սա հոգու պոռթկում էր, թե ինքնախոստովանություն (ավելի շուտ ինքնախոստովանություն էր), բայց վերահաստատում է բոլորի շրջանում տարածված իրողությունը` կաշառակերությունը պետության հանդեպ կատարվող ամենավտանգավոր հանցանքներից է ու արժանի է համարժեք պատասխանի։ Վերահաստատում եմ, այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, հայրենիքի դավաճաններ են։
Այս ամենի արդյունքում ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջադեպ, որի համար ես ներողություն եմ խնդրում բոլորից»,- գրել է Ստեփանյանը։