ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ապագա ստոմատոլոգը կիրառելով կյանքեր փրկելուն ուղղված անհրաժեշտ միջոցները՝ օգնել է վիրավորներին, ձեռք բերելով մարդկային ու մասնագիտական փորձ

Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ Պողոսյանն առաջիկայում մասնագիտանալու է դիմածնոտային վիրաբուժության բնագավառում: Նա ԵՊԲՀ այն սովորողներից է, որը մասնագիտական ու մարդկային մեծ փորձ է ձեռք բերել Արցախյան վերջին պատերազմում. սկսել է ավելի շատ արժևորել կյանքը, գնահատել ժամանակն ու փայփայել մարդկանց:

Ապագա բժիշկը 2018 թվականի աշնանը՝ 2-րդ կուրսի քննությունները հանձնելուց հետո մեկնել է ժամկետային զինծառայության Արցախի առաջին պաշտպանական շրջանի Հադրութի զորամասերից մեկը:

«Ծառայության ընթացքում ուղարկվել եմ սանհրահանգիչների երկամսյա վերապատրաստման դասընթացի: Հանձնելով քննությունները՝ նշանակվել եմ վաշտի բուժակ: Դիրքերում էի, երբ սկսվեց պատերազմը. առաջին մարտը և առաջին կորուստները: Առաջին մարտերն ամենաբարդն էին, որովհետև պատրաստ չէինք զինակից ընկերների կորուստին: Անարդարության, խլացնող անդառնալիության ու անսահման ափսոսանքի զգացում եմ ապրել: Վախի զգացում չի եղել ոչ մի վայրկյան, չգիտեմ էլ ինչու, եղել է կարոտի զգացում: Չեմ կարծում, որ երբևէ հնարավոր է թեկուզ մեղմել մարտական ընկերների կորստի վիշտը: Հնարավոր է միայն գործով հարգել նրանց հիշատակը, շարունակել աշխատել ու ապրել այնպես, որ պատրաստ լինենք դիմակայելու արհավիրքներին»,-նշում է բժշկական համալսարանի ուսանողը:

Նա պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին և իրականացրել զինծառայողներից, կամավորականներից, մոբիլիզացվածներից կազմված շուրջ 150 հոգանոց զորախմբի առաջին բուժօգությունը:

«Վիրակապել եմ հրազենային, բեկորային վիրավորում ունեցող մարտական ընկերներիս վերքերը, պատերազմի ողջ ընթացքում մասնակցել եմ վիրավորների տեղափոխման աշխատանքներին: Մարտական ընկերներիս կորստի վիշտը սփոփելի չէ: Ես ինձ հանգստացնում եմ միայն գիտակցումով, որ ուս ուսի կռվել ենք, իրար մխիթարել ու քաջալերել, որ կարողացել եմ մեղմել վիրավորների ցավն ու ձեռնարկել կյանքերը փրկելուն ուղղված առաջին անհրաժեշտ միջոցները»,- ասում է Էրիկը:

Զորացրվել է 2020 թվականի փետրվարին և վերադարձել է բժշկական համալսարան:

Հարցին՝ ի՞նչն էր ուժ տալիս դժվարին օրերին, պատասխանում է կարճ. «Հիշողությունն ու պարտքի զգացումը»:

«Պետք չէ ոչ մի բանից երբևէ խուսափել, վախենալ կամ անհավանական համարել: Պետք է պատրաստ լինել՝ զինված գիտելիքներով և սպառազինությամբ»,- նշում է Էրիկ Պողոսյանը, որի գնահատմամբ՝ բժշկի մասնագիտության առանձնահատկությունը նրանում է, որ բժիշկն ամեն օր կիրառում է գործիքներ, ինչպիսիք են օրինակ ախտորոշումը և բուժումը, որոնք կիրառելի են ոչ միայն մասնագիտական դաշտում՝ այլև կյանքի շատ երևույթների քննության և լուծման համար:

200