Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում  Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով  Երևան–Սևան ավտոճանապարհի  42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում:

shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

1080