Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հոկտեմբերի 19-ին:

Ոստիկանությունից հայտնում են, որ երեկոյան ժամը հինգին Աշտարակի Էջմիածնի խճուղուց, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին չորս տղամարդու` նրանցից մեկի՝ գյումրեցու վարած մեքենայով հանդերձ: Երեք ուղևորներից մեկը Հրազդան քաղաքի բնակիչ է, մեկը` Սոլակ գյուղի, երրորդը` Երևանի:

Անձնական խուզարկությամբ սոլակցու ծոցագրպանից հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ: Նա հայտնել է, թե թմրամիջոցը հավաքել է վայրաճ կանեփի բույսերից` անձնական օգտագործման համար:

Երևանցու գուլպայի միջից հայտնաբերվեց դեղնականաչավուն հեղուկով լցված ներարկիչ, ևս երկուսը հայտնաբերվեց նրա դրամապանակից, մեկը դատարկ էր: Ըստ նրա` ներարկիչների մեջ կրիստալ տեսակի թմրանյութ է, ինչը 10 հազար դրամով ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով: Ոստիկանները պարզել են, որ երևանցին իր կրիստալից հյուրասիրել էր հրազդանցուն և սոլակցուն:

Նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

378