Հոգեբանական հեռու գնացող հետևանքներից խուսափելու համար երեխաների հետ պետք է զրուցել, ասել, որ այս ամենը ժամանակավոր է: Երեխաներին պետք է բացատրել, որ այո, կա հիվանդություն, որը մի օր կանցնի, ուղղակի դու պաշտպանված ես, և այդ հեռավորությունը, որ պահպանում ես, դիմակ ես կրում և այլն, ժամանակավոր է, միշտ էլ գալիս է առողջացման պահը: Այսպես արձագանքեց  հոգեբան Կարինե Նալչաջյանը  Araratnews.am-ի դիտարկմանը, թե արդյոք դպրոցներում երեխաներին պարտադրված դիմակները եւ սոցիալական հեռավորությունը կարող են դպրոցականների մոտ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ։ Հիշեցնենք, որ համացանցում ակտիվորեն լուսանկարներ էին տարածվում, որտեղ երեխաները դպրոցի բակում սոցիալական հեռավորությունը պահպանելու համար պարաններ էին բռնել։

MHS ծառայության տնօրեն, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանն էլ նկատեց, որ դիմակների պարտադիր կրելուց հոգեբանական խնդիրների մասին վաղ է խոսելը. «Մենք չենք կարող դեռևս վստահ լինել, որ դիմակների կրումը կարող է հետևանքներ ունենալ, քանի որ դպրոցները նոր են սկսել գործել: Դրանք ենթադրությունների տիրույթում են»:

Հոգեբանը չի ժխտում, որ իսկապես հիվանդության տարածման խնդիր  գոյություն ունի, սակայն չի կարելի նաև շատ չափազանցնել և վախի մթնոլորտ ստեղծել: «Հասկանում եմ, որ պետք է պաշտպանել երեխաներին, միջոցառումները որոշակիորեն անհրաժեշտ են: Պետք է նաև նշել, որ անհրաժեշտ միջոցառումները մեզ հանում են բնականոն կյանքի հունից, այդ թվում և երեխաներին: Ահա, թե ինչու ենք երեխաների հարցին այդպես զգայուն մոտենում,- ասում է մասնագետը և հավելում.- Հասուն մարդու մոտ մարդկանց մասին, աշխարհի մասին դիրքորոշումները հիմնականում ձևավորված են, իսկ երեխայի մոտ ձևավորման ընթացքում են: Եթե մենք վնասում ենք դրանք մանկական տարիքում, հետագայում հետևանքներ կունենանք: Խնդիրն այն է, որ այս հարցն ունի մեկից ավելի լուծում, և բոլոր լուծումներն էլ լավը չեն: Ասել, որ միջոցառումները հանում ենք և ոչինչ  չենք անում` հասկանում ենք, որ վտանգում ենք երեխաների առողջությունը: Չէ՞ որ մենք ռիսկային ենք դարձնում հիվանդության տարածումը»:

Ամեն դեպքում հարց է առաջանում` ինչ պետք է անեն դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները, որպեսզի երեխաները, պանդեմիայով պայմանավորված, չունենան նաև հոգեբանական խնդիրներ:

«Խորհուրդներ տալու առումով շտապել պետք չէ դեռ: Կարող ենք ասել, որ  դպրոցը իրենով արդեն որոշակի սթրես է ենթադրում, որովհետև այն մոտեցումը, որ կա դպրոցում, և այն մնացած կյանքը, որ երեխաները ապրում են, մի քիչ իրարից հեռու են,- ընդգծում է  հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը, ապա պարզաբանում.- Այս հանգամանքն արդեն բերում է նրան, որ երեխաների զգալի մասը դպրոց գնալուց արդեն մի քիչ ավելի բարձր սթրեսային մակարդակ ունի: Իսկ պայմանների փոփոխությունը պարզապես անհարմարություն է»:

Ըստ հոգեբան Նալչաջյանի` երեխաները շատ ավելի խելացի մարդիկ են, որոնց հետ կարելի է լուրջ զրույց ունենալ, քան մեզ թվում է:  «Նախ՝ դպրոցում պետք է ախտահանել տարածքը, եթե երեխան մի պահ իջեցնում է դիմակը` խիստ լինել պետք չէ: Քանի որ երեխայի մոտ անձը, աշխարհընկալումը և այլն, նոր է ձևավորվում, մի տեսակ նրա մեջ մտնում է աշխարհի, ուրիշ մարդկանց վտանգավոր լինելու այսպիսի մի զգացողություն. երեխան սկսում է վախենալ աշխարհից։ Սա որոշակիորեն կարող է խեղաթյուրել երեխայի սոցիալական ընկալումները: Այդ իսկ պատճառով պետք է տանը, դպրոցում երեխային գրագետ բացատրել և պետք է դրական տրամադրել աշխարհի նկատմամբ, քանի որ ամեն բան ժամանակավոր է»:

 

Հայկ Մագոյան

Լուսանկարը` Արմենպրեսի

 

 

832