AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը ուսանողական կյանքի առանձնահատկությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողուհի Ալլա Հարությունյանն է:

Ալլա, ինչո՞ւ նախապատվությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին տվեցիք:

2019 թվականի փետրվար-մարտ ամիսն էր, Facebook-ում պատահաբար հոդված աչքովս ընկավ, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հետհեղափոխական փոփոխությունների ալիք է մեկնարկել, նորընտիր ռեկտորն ուսանողներին կամարտահայտման և փոփոխությունների գլխավոր շարժիչ օղակը դառնալու հնարավորություն է ընձեռել: Անկեղծ ասած, ես` մարդ, որը միշտ թերահավատորեն է մոտեցել պետական կրթական հաստատությունների տված կրթության որակին, և մարդ, որը մշտապես բացառել է պետական ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթություն ստանալու հավանականությունը, ռեկտորի հարցազրույցը կարդալուց և ՀՊՏՀ-ում այդ ժամանակ տիրող փոփոխությունների կատաղի ալիքը խորապես ուսումնասիրելուց հետո ժամերի ընթացքում չեղարկեցի Ամերիկյան համալսարան ընդունվելուս բոլոր պլանները, փաստաթղթերս հանձնեցի ՀՊՏՀ և սկսեցի անհամբեր սպասել տարեսկզբին, որ ոչ մի դեպքում բաց չթողնեմ ՀՊՏՀ-ն տարածաշրջանի թիվ 1 բուհը դարձնելու գործընթացն ու ես էլ իմ լուման ներդնեմ դրա կայացման հարցում, քանի որ դպրոցական տարիներից ի վեր մեծ կարևորություն եմ տվել ոչ միայն ուսմանը, այլև պետությանս և հասարակությանն օգտակար լինելու ամեն հնարավորության: 15 տարեկան հասակից շատ ակտիվ կամավորությամբ եմ զբաղվել, պրակտիկաների, միջազգային և տեղական դասընթացների մասնակցել և կուտակածս փորձը միշտ ձգտել եմ ներդնել բոլոր ինձ հասանելի ասպարեզներում:

 

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանողները ո՞ր ոլորտներում կարող են աշխատել:

Ֆինանսիստը ցանկացած ոլորտում էլ կարող է կայանալ. քառամյա ուսումնառությունն այնպիսի առարկայացանկ է ներառում, որ պատշաճ դասավանդման դեպքում կարող է հանգեցնել վերլուծական, հետազոտական, կանխատեսման, արագ կողմնորոշվելու և մի շարք այլ կարևոր հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը: Այլ է հարցը, թե որտեղ կցանկանա աշխատել ուսանողը ֆինանսական ֆակուլտետն ավարտելուց հետո: Մեր ֆակուլտետի ուսանողների մեծ մասն առավել հակված է բանկային ոլորտին, քանի որ այն ամենակայացածն է համարվում, շատ ավելի պասիվ են հանրային ֆինանսների, արժեթղթերի շուկայի, կորպորատիվ ֆինանսների, ապահովագրության ոլորտներում: Վերջին շրջանում աշխուժացում նկատել եմ առարկաների մաքսային բլոկում: Ես, օրինակ, առավել հետաքրքրված եմ դրամավարկային քաղաքականությամբ, հանրային ֆինանսների կառավարմամբ, մասնավորապես մունիցիպալ մակարդակով, սիրում եմ մակրոէկոնոմիկան, միջազգային տնտեսական հարաբերությունները և արժեթղթերի շուկան: Պլանավորում եմ աշխատել Կենտրոնական բանկում, Համաշխարհային բանկում կամ միջազգային որևէ կառույցում, օրինակ՝ ՄԱԿ-ում:

 

Ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում:

Ամեն կիսամյակ անցնում ենք 8 նոր առարկա: Կթվեմ մի քանիսը. Դրամավարկային քաղաքականություն, ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ, մակրոէկոնոմիկա, միկրոէկոնոմիկա, տնտեսագիտության տեսություն, մաթմոդելավորում, բարձրագույն մաթեմատիկա, հանրային ֆինանսների կառավարում, մաքսային գործի հիմունքներ, տնտեսագիտության պատմություն, կորպորատիվ ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կորպորատիվ հաշվառում և այլն:

Ի՞նչ եք կարծում, այն անձինք, որոնք ֆինանսիստի բազային կրթություն չունեն կարո՞ղ են միայն մագիստրատուրայում ուսանելու միջոցով լավ մասնագետ դառնալ:

Ես ունեմ ընկերներ, որոնք, չունենալով բազային ֆինանսական կրթություն, ավարտելով, օրինակ, Բրյուսովի համալսարանը, ընդունվել են ՀՊՏՀ մագիստրատուրա գործարար վարչարարության, կորպորատիվ ֆինանսների և մի շարք այլ մագիստրոսական ծրագրեր և առնվազն բուհի մակարդակով, առարկաների ընկալման հարցում գրանցել են շատ ավելի բարձր ցուցանիշներ, քան թե 4 տարի նույն բուհում ֆինանսներ ուսումնասիրած ուսանողները: Ամեն բան գալիս է մարդու աշխատասիրությունից, ընկալման մակարդակից և հմտություններից: 21-րդ դարում ենք ապրում, այն ինֆորմացիայի 90%-ը, որ մեզ տալիս են բուհում 4 տարվա ընթացքում, կարելի է սովորել 1 տարում տանը նստած Coursera, EdX, Универсариум և նմանատիպ շատ այլ կրթական պլատֆորմների անվճար դասեր օրը 2 ժամ դիտելով: Շատ ավելի կարևոր է ճիշտ սովորելու, ինֆորմացիան գրագետ ֆիլտրելու, ինֆորմացիան մնայուն գիտելիքի վերածելու, հետազոտելու և նմանատիպ այլ հմտություններ, որոնք կարող են երաշխավորել հաջողություն ցանկացած ասպարեզում:

 

Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, կփոխեի՞ք Ձեր մասնագիտությունը:

Ես չեմ էլ համարում ինձ իմ մասնագիտության կրողն այս պահին: Շուրջ 3 տարի է՝ աշխատում եմ և բազմիցս ունեցել եմ հնարավորություն անցնելու պրակտիկա տեղական կազմակերպություններում, բանկերում, որպես ֆինանսիստ, աուդիտորի օգնական, ակտուար, սակայն երբեք այդ հնարավորություններից չեմ օգտվել, քանի որ այս պահին փորձում եմ մաքսիմալ պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել Project Manager-ի իմ հմտություններն ու ստանալ համապատասխան PMP միջազգային որակավորում: Եթե հնարավորություն ընձեռվեր փոխելու ֆակուլտետս, միանշանակ կգնայի Վիճակագրության կամ Տնտեսագիտության ֆակուլտետ: Ըստ իս, այս երկուսն ամենաուժեղ ֆակուլտետներն են մեր բուհում:

 

Ո՞ր հաստատություններում են իրենց փորձաշրջանն անցնում ձեր ֆակուլտետի ուսանողները:

Հիմնականում ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություն, առևտրային բանկեր, ԿԲ, մասնավոր հատված: Կան նաև մարդիկ, որոնք ընտրում են փորձաշրջանի վայր բուհի տրամադրած ցանկից դուրս:

Անզեն աչքով անգամ նկատելի է, որ բազմաթիվ ծրագրերի եք մասնակցում:

Մի փոքր կպատմե՞ք Ձեր գործունեության այդ ոլորտի մասին: Այս տարի ընտրվել եմ Եվրոպական երիտասարդ դեսպան: Youth for Change ՀԿ-ի Executive Assistant եմ, GROW ամենամյա աշխատանքային տոնավաճառի արտաքին կապերի ղեկավարը և գլխավոր կազմակերպիչներից մեկը: Այս պահին գործընկերոջս հետ նախաձեռնել ենք Big City Party համաերիտասարդական նախագիծը, որի իրականացման արդյունքում ձևավորված մի քանի տասնյակ միլիոն դրամ կազմող ողջ հասույթը կուղղվի մարզում սոցիալական նախաձեռնության իրականացմանը: Ակտիվ մասնակցում եմ Erasmus+ Youth Exchange-ների` մի տարում արել եմ 5 Erasmus: Վերջերս ՀՊՏՀ-ի կողմից նոմինացվել եմ և այս պահին պատրաստվում եմ մեկնել Հունաստանի Պիրեյի համալսարան՝ Erasmus+ ակադեմիաման փոխանակման: Նախորդ տարի բարեհաջող ավարտին եմ հասցրել Ուրալի պետական տնտեսագիտական համալսարանի ակադեմիական փոխանակումս: Armenian Progressive Youth ՀԿ-ի Board member և European Youth Parliament-ի անդամ եմ:

Համալսարանից զատ, լրացուցիչ պարապմունքների կամ դասընթացների հաճախո՞ւմ եք Ձեր մասնագիտական գիտելիքներն էլ ավելի ամրապնդելու համար:

Այո, մաքսիմալ ակտիվ: Այս պահին պատրաստվում եմ հանձնել, մասնակցում եմ Ծրագրերի կառավարման դասընթացի, ավարտել եմ շուրջ 2 տասնյակ տեղական և միջազգային դասընթաց: Մասնակցում եմ ACCA դասընթացների, պատրաստվում եմ հանձնել F7(Financial Reporting) միջազգային հաշվապահական քննությունը:

 

Կամավորական գործունեության փորձով կկիսվե՞ք մեր լսարանի հետ:

2021-ի դեկտեմբերին երեք տարբեր կառույցների կողմից արժանացել եմ կամավորական գործունեությանս համար 3 մրցանակի` Երևանի քաղաքապետարանի, Գյումրու երիտասարդական կենտրոնի և Համահայկական կամավորական միության: Մոտ 6 տասնյակ ծրագրերի կամավոր, կամավորների համակարգող, համակազմակերպիչ եմ եղել և այդ ամենն իհարկե անվարձահատույց հիմունքներով: Կթվեմ ծրագրերից և կազմակերպություններից մի քանիսը. TEDxMoskovyan, StarMus միջազգային կոնֆերանս, HoReCa միջազգային էքսպո, Euronest, Teach for Armenia,TEDxASUE, «Օրրան» բարեգործական հիմնադրամ, Կարմիր խաչ և այլն:

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա ուսանողներին:

Վերջին ուսումնական տարիները հավանաբար ամենաբարդն էին ու ամենատհաճը շատերիս կյանքում․ COVID-ի նոր ալիք, պատերազմ, անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակ... Բայց ամեն վատ բան միշտ գալիս է լավի ուղեկցությամբ․․․ Յուրաքանչյուր ուսումնական տարի, կրթության նշանակությունը վերաիմաստավորած, կրթական հաստատություն մտնելու այն պատասխանատու պահը պիտի դառնա բոլորիս կյանքում, երբ պետական շահը գերակա կդառնա մասնավոր շահի նկատմամբ, դիպլոմն ու գնահատականը կստորադասվեն գիտելիքից, կրթական ծառայության մատուցումը ինքնանպատակից կվերածվի բարձր առաքելության, կարճաժամկետ նպատակները կգտնեն իրենց երկարաժամկետ ծրագրերում։ Հարգելի՛ ուսանողներ,

1. միշտ իմացեք ձեր արժեքը,

2. լավ տիրապետեք ձեր իրավունքներին և պարտականություններին, անհրաժեշտության դեպքում պայքարեք դրանց իրացման ձեր անքակտելի իրավունքի համար,

3. լսելի դարձրեք ձեր ձայնը,

4. սովոր եղեք ոչ միայն վերցնել, այլև տալ,

5. սովորելը մի դարձրեք ինքնանպատակ, փոխարենը հաճույք ստացեք ապագայում ձեր ոլորտում կարող ուժ դառնալու հեռանկարից,

6. մի վախեցեք լինել ուժեղ, համառ, ըմբոստ, ունենալ սեփական ձայն և կարծիք,

7. պայքարեք անարդարության դեմ, բայց միշտ արդար եղեք նախ ինքներդ ձեզ հետ,

8. սահմանեք նպատակներ և քայլեք, վազեք, սողացեք, բայց շարժվեք դրանց ընդառաջ:

 

Օլյա Շահինյան

117336