Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը Araratnews-ի հետ զրույցում անդրադառնալով Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ-Ալիև սպասվող հանդիպմանը՝ կարծիք հայտնեց, որ նման հանդիպումը տրամաբանական է, որ կոնկրետ արդյունքներ գրանցի, քանի որ այն Միացյալ Նահանգների նախագահի նախաձեռնությամբ է տեղի ունենալու։


«Տեսեք, այսօր պետքարտուղար Ռուբիոն խոսում էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորման մասին և հետաքրքիր ձևակերպում է արել, որ տեղի են ունենում բանակցություններ, որոնց ընթացքում մոտեցվում են կողմերի դիրքորոշումները միջև այն աստիճանի, որ դրանից հետո պետք է իրենց հետ հանդիպի արդեն Թրամփը՝ որպես գլախվոր բանակցող, և դնի վերջնական շտրիխները ու եթե ելնում ենք այդ դրանից՝ այստեղ կան որոշակի հիմքեր, ասելու, որ այդ տրամաբանությունն է գործում նաև Հայաստանի և Ադրբեջանի պարագայում, քանի որ վերջին ամիսներին մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ակտիվ ներգրավված է գործընթացում և դրա վկայությունն է Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, Թրամփի հայտարարությունը, և հիմա ենթադրում եմ, որ ԱՄՆ միջնորդությամբ որոշակի արդյունքներ գրանցվել են, որի արդյունքով էլ այս հանդիպումը կազմակերպվում է»,- ասաց նա։

Առաքելյանը ենթադրում է, որ նախաստորագրվելու է խաղաղության պայմանագրի մասին փաստաթուղթ․ «Իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների հարցին՝ կարծում եմ Նահանգները ճնշումներ կբանեցնի գործընթացը շարունակելու ուղղությամբ, ավելին՝ իր համար թերևս ամենակարևոր հանգամանքը հենց ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։ Եվ մեզ համար՝ նույնպես, ու Հայաստանի Հանրապետությունը շատ հստակ հայտարարել է, որ սուվերենությունից, ինքնիշխանությունից դուրս որևէ այլ երթուղի չի կարող լինել, իսկ դետալների շուրջ կարելի է բանակցություններ տանել»։
Հարցին՝ ճանապարհների ապաշրջափակման հարցում ի՞նչ փոխընդունելի տարբերակ կարող է գործել, Առաքելյանն ասաց․ «Դե գիտենք, որ կա ամերիկյան կողմի առաջարկ և այդ թեման բավականին քննարկվեց․ և այստեղ ընդամենը ծառայությունների արտապատվիրակման կամ դրա որոշակի մոդելի կիրառման մոտեցումն է։ Թե կոնկրետ ինչ կբանակցվի՝ ցույց կտա ժամանակը»։


Խոսելով ընդդիմադիր շրջանակների պնդումներից, թե Հայաստանը հակառակ տարածաշրջանային շահերի, ԱՄՆ-ին է հանձնում «միջանցքի» վերահսկողությունը, ինչով նաև փորձ է արվում ՀՀ-Իրան հարաբերություններում սեպ խրել, քաղաքագետը նշեց, որ այդ շրջանակները հենց վաղը պատրաստ են նոյեմբերի 9-ին հղում անելով միջանցք տրամադրել․ «Եվ իրենք մշտապես փորձել են ՀՀ-ի Արևմուտքի հետ հարաբերությունները ներկայացնել հակաիրանական, սակայն ԵՄ դիտորդական առաքելության և մնացած գործընթացների փորձից գիտենք, որ Իրանը չի տրվում այդ սադրանքներին, ընդհակառակը՝ որոշ դեպքերում ողջունում է որոշ գրծընթացներ։ Իսկ ինչ վերաբերում է Իրանի նախագահի այցին, այդ մասին վաղուց էր խոսվում և նաև խոսվում է, որ Երևանն ու Թեհրանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, և չեմ բացառում, որ Իրանի նախագահի այցելության շրջանակներում նման փաստաթուղթ ստորագրվի»։


Մեր զրուցակցի կարծիքով՝ քանի որ ՀՀ-Ադրբեջան փաստաթուղթը ստորագրվում է ԱՄՆ հովանու ներքո՝ Վաշինգտոնն այստեղ լուրջ անելիք կունենա, որպեսզի ազդի ադրբեջանական և թուրքական կողմի վրա կոմունիկացիաների բացման առումով․ «Բացի այն, որ Թրամփը ունի անձնական ամբիցիաներ աշխարհի տարբեր կետերում խաղաղություն հաստատելու, նաև այստեղ կա պրագմատիկ հաշվարկ կոմունիկացիաների բացման հետ․ տնտեսական լուրջ հաշվարկներ կան և սա նույնպես գործոն է, որը պետք է ԱՄՆ-ին ստիպի ավելի ակտիվ լինել»։


Կառավարության հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու հարց է քննարկվելու, ինչին անդրադառնալով քաղաքագետն ասաց, որ դրա ամենամեծ կոմպոնենտը տնտեսական հարաբերությունների զարգացումն է, որի համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ն կարողանա մաքսիմալ օգտագործել իր տնտեսական հնարավորությունները և հենց կոմունիկացիաների բացումն է, որ ստորագրված ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթուղթը ավելի գործնական կդարձնի։


Առաքելյանը նաև չբացառեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի խաղաղության համաձայնագրերին, ինչի մասին ամիսներ առաջ հայտարարել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
 

300