ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկելու «իԳործ» ծրագրին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Պատգամավորը հիշեցրել է, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ.-ից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտներում ներգրավում է սփյուռքահայ մասնագետների: 2022 թվականի մարտին մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի արդյունքում նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 50 փորձագետ:
«Հանդիպմանը քննարկել ենք ծրագրի նպատակները, հնարավորությունները և գործընթացների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Սկիզբ է դրվել համագործակցության Ազգային ժողովի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ «իԳործ» 2022 ծրագրի շրջանակում»,-ընդգծել է Հովհաննիսյանը: