
Ստամբուլում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական կողմը խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների նկատմամբ, որոնք խոշտանգել են ռուս գերեվարված զինծառայողներին, ասել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ամփոփելով բանակցությունները` ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ ռուսական կողմը բողոքել է Ուկրաինային՝ կապված ՌԴ զինված ուժերի զինծառայողների նկատմամբ բռնությունների արձանագրված փաստերի հետ։
«Այս բողոքն ընդունվեց ուկրաինական կողմից: Նրանք խոստացան ձեռնարկել ամենախիստ միջոցները, եթե առաջինը բռնեն նրանց, ովքեր կատարել են այդ ռազմական հանցագործությունները», - ասել է Մեդինսկին:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Ստամբուլի Դոլմաբահչե պալատում։ Բանակցությունների մեկնարկից առաջ ելույթ է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կնպաստեն Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը։ Էրդողանը հակամարտող կողմերին կոչ է արել հրադադար հաստատել։
Բանակցություններին նախորդել է նաև ռուսաստանյան պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկու և ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիայի առանձնազրույցը։
Արամ Սիմոնյան